
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում տեղի ունեցող իրադարձություններն ապացուցում են Բելառուսում չափից ավելի ազատական օրենքների առկայությունը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն:
Այս մասին նա ասել է օրենսդրության կատարելագործման հարցերով խորհրդակցության ժամանակ։
Լուկաշենկոյի խոսքով՝ իշխանությունն ու իրավապահ մարմինները թույլ չեն տվել, որ «երկիրն ընկնի հերթական «գունավոր հեղափոխության» անդունդը», թեև դա ցանկանում էին «ցույցերի արտասահմանյան հովանավորները»։
Ընդ որում, նրա խոսքով, «վերջին տարիներին երկրում շատ բան է արվել իրավական նորմերի ազատականացման ուղղությամբ»։
«Օրենսդրությունը պետք է ոչ միայն օպերատիվ արձագանքի ցանկացած խախտման, այլ նաև կանխատեսի հնարավոր սպառնալիքները»,- հայտարարել Է Լուկաշենկոն՝ հավելելով, որ դա ամենակարևորն է։
Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որում 80 տոկոս ձայնով հաղթանակ է տարել Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Արևմտյան երկրները չեն ճանաչել ընտրությունների արդյունքներն ու պահանջել դադարեցնել ցուցարարների վրա գորժադրվող ճնշումները, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են կիրառել որոշ պաշտոնյաների և պետական ձեռնարկությունների նկատմամբ:
Աղբյուր՝ tert.am