Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։

 

Հայաստանի տարբեր մարզերից և Երևանից ժամանած 14 լավագույն դպրոցական թիմեր իրենց շախմատային պայքարն սկսել են Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում։

 

«Սեպտեմբերի 10-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ օլիմպիադայի բացման արարողությունը, որին ներկա էին Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-գլխավոր տնօրեն, ՄԳ Սմբատ Լպուտյանը։

 

Բացման արարողության ընթացքում մասնակից թիմերը վիճակահանությամբ որոշեցին իրենց մեկնարկային համարները՝ ազդարարելով հոբելյանական օլիմպիադայի մրցաշարային պայքարի մեկնարկը։

 

Արդեն 20 տարի է՝ օլիմպիադան իրականացվում է Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

Առջևում են մրցաշարային օրերը, հետաքրքիր պարտիաներն ու նոր շախմատային պատմությունները։ Մաղթում ենք բոլոր թիմերին հաջողություն և հետաքրքիր պայքար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

121