Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները, հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս, անտառային տարածքում նկատել են «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա։
Ծառայողների ձեռնարկել են համապատասխան գործողություններ՝ դրոնի միջոցով շարունակաբար հետևելով ավտոմեքենայի տեղաշարժին։ Ընթացքում արձանագրվել է, որ վարորդը, նկատելով էկոպարեկային ծառայողների ներկայությունը, սկսել է բեռնաթափել ավտոմեքենայում առկա փայտանյութը։
Միաժամանակ ծառայողների կողմից իրականացվել են անհրաժեշտ գործողություններ՝ փայտանյութի գտնվելու վայրը և դեպքի հետ կապված հանգամանքները ֆիքսելու նպատակով։
Էկոպարեկային ծառայողների իրականացրած հսկողական, կանխարգելիչ և բացատրական աշխատանքների արդյունքում ենթադրյալ իրավախախտը փայտանյութը կրկին բեռնել է ավտոմեքենան և տեղափոխել Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամաս։
Հայտնաբերված փայտանյութի ծավալը, նախնական տվյալներով, կազմել է շուրջ 3 խմ։
Ներկայում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հայտնաբերված փայտանյութի ծագումը ճշտելու և պատճառված վնասի չափը հաշվարկելու ուղղությամբ։
Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հետևողական հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել պետական անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև փայտանյութի ապօրինի շրջանառության դեպքերի կանխման և հայտնաբերման ուղղությամբ։