Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը՝ Սևանում։ Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքները գրանցած թիմերը հաղթահարել են Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Նախքան մրցումների մեկնարկը նրանց ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա կարևորել է դպրոցների ու աշակերտների մասնակցության աճը՝ ընդգծելով, որ հաջորդ նպատակը հանրապետության բոլոր դպրոցների ներգրավումն է։
«Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում արդեն հասել ենք մի ցուցանիշի, երբ համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա։ Կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ։ Իհարկե, պետք է ձգտենք, որ մեր բոլոր դպրոցները լինեն այս մրցաշարի մասնակից»,– ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ եզրափակիչ փուլում տարեցտարի հայտնվում են ինչպես նոր դպրոցներ, այնպես էլ նախորդ տարիներին մասնակցած թիմեր, ինչը վկայում է մրցաշարի նկատմամբ հետաքրքրության և մրցակցային մոտիվացիայի մասին։
«Տեսնում ենք նոր դպրոցներ, որոնք առաջին անգամ են հասնում եզրափակիչ փուլ։ Տեսնում ենք նաև նախորդ տարիներին եզրափակիչ փուլում հայտնված՝ թե՛ հաջողություն գրանցած, թե՛ պատվանդանին չկանգնած թիմեր։ Սա նշանակում է, որ մոտիվացիան բարձր է, և մեր երեխաները շարունակում են պայքարել ու ձգտել ավելի բարձր տեղերի»,– նշել է ԿԳՄՍ նախարարը։
Այս տարի մրցաշարն անցկացվում է «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի օրերին։ Հաղթողներին կպարգևատրի 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչեսը:
Եզրափակիչ փուլում հանդես է եկել 22 թիմ՝ ընդհանուր 66 մասնակցով։ Մրցաշարի երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։
