
Տարիքային տարբեր խմբեր ներկայացնող 89 խճուղային հեծանվորդներ մասնակցեցին Հայաստանի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Էջմիածին-Ակնալիճ՝ 14 կմ ձգվող խճուղում, մեծահասակների պայքարում, հաղթեց Ստեփան Գրիգորյանը /ՕՀՊՄՔ/ և երիտասարդներից՝ Ալեքս Արամայիսյանը /ՀՄՄ/:
Նույն խճուղու 10 կմ տարածությունում լավագույնն էին պատանի Նարեկ Դավթյանը և աղջիկներից՝ Սվետլանա Մկրտչյանը /երկուսն էլ՝ ՕՄՊՄԴ/:
Հեծանվային սպորտի ՕՄՊՄԴ տնօրեն, ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն ասաց, որ հետաքրքիր պայքար ծավալվեց խմբային մրցավազքում: Այն անցկացվեց Թաիրով – Էջմիածին – Արմավիր - Սարդարապատ խճուղու 110 կմ հատվածում:
ՀՀ չեմպիոնի պատվին կրկին արժանացավ Ստեփան Գրիգորյանը: Երիտասարդների մրցությունում լավագույնը «Նաիրի» մարզակումբի պատվիրակ Խաչիկ Շարյանն էր:
Նույն երթուղու 70 կմ մրցավազքում անգերազանցելի էին ՕՄՊՄԴ սաներ, պատանի Արթուր Վարելջյանը և Անի Գյոզալյանը:
Առաջնության վերջաբանը հանդիսացավ «նախերգանք» անվանումը կրող 3 կմ –ոց վազքը: Մրցության պատկերը չափազանց գեղեցիկ էր. Հրազդանի կիրճի գեղեցկությունը և գունագեղ շապիկավոր հեծանվորդների «քարավանը» ստեղծել էր հաճելի ու տպավորիչ տեսարան:
Առաջինը ճանաչվեցին հաջորդաբար Ստեփան Գրիգորյանը, Վահե Վիրաբյանը /ՀՄՄ/, Նարեկ Դավթյանը և Անի Գյոզալյանը:
Չեմպիոններով և մրցանակակիրներով կազմվեցին հավաքականներ, որոնք կընդգրկվեն ուսումնամարզական հավաքներում և կմասնակցեն հաջորդող միջազգային պաշտոնական մրցաշարերին: