Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպացի պաշտոնյաները քննարկում են ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անմիջական բանակցություններ կվարի Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ։
Հիմնական հարցն այն է, թե ով կարող է ներկայացնել ամբողջ Եվրամիության շահերը և նման առաքելություն իրականացնելու համապատասխան լիազորություններ ստանալ։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է Politico-ն։
Քննարկումներն ակտիվացել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Ռուսաստան կատարած այցից հետո։ Վերջինս Պուտինին առաջարկել է անցկացնել Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա եռակողմ հանդիպում։ Եվրոպական երկրներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ բանակցություններ է վարում առանց իրենց մասնակցության և կարող է համաձայնել պայմանների, որոնք ձեռնտու չեն Կիևին։
Հնարավոր թեկնածուների թվում քննարկվում են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Կայա Կալասի թեկնածությունները։
Միևնույն ժամանակ, եվրոպացի որոշ դիվանագետների կարծիքով՝ այդ առաքելության համար ամենահարմար թեկնածուն կարող է լինել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Նրա օգտին են խոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած լավ հարաբերությունները և Ռուսաստանի հետ հարաբերություններում Ֆինլանդիայի կուտակած փորձը։