Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 25-ին՝ Դաունի համախտանիշի իրազեկման ամսվա շրջանակներում, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկա է գտնվել «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացման առաջնախաղին։

Արտիստները բեմում ստեղծել են ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ՝ իրենց խաղով ուրախություն պարգևելով հանդիսատեսին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ներկայացման մասնակիցներին և կազմակերպիչներին, մասնավորապես՝ «Արև-երեխաներ» հասարակական կազմակերպության հիմնադիր Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին՝ ընդգծելով, որ նրանց նվիրումն ու հետևողական աշխատանքը ոչ միայն փոխում են մարդկանց ճակատագրերն, այլև նշանակալի դեր են ունենում ներառական հասարակության ձևավորման գործում։

«Հանրօգուտ աշխատանքն արժեքներ ստեղծելու և տարածելու առաքելություն է», - ընդգծել է Անահիտ Մանասյանը:

Պաշտպանը նշել է, որ յուրաքանչյուր մարդ յուրահատուկ է իր առանձնահատկություններով ու անհատականությամբ, և հենց այդ բազմազանությունն է հարստացնում մեր աշխարհը։ Նրա խոսքով՝ ներառական հասարակության ձևավորումը սկսվում է յուրաքանչյուրիս վերաբերմունքից, սակայն իրական արդյունքի հասնելու համար այդ վերաբերմունքը պետք է դրսևորվի նաև մեր ամենօրյա վարքագծում և կոնկրետ գործողություններում։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ հավասարության, փոխադարձ հարգանքի և համերաշխության սկզբունքները պետք է արտահայտվեն ոչ միայն խոսքերով, այլև յուրաքանչյուրի գործելակերպով՝ նպաստելով այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն ընդունված և արժևորված կզգա։

124