Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության սկզբում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան Սիմոնյանին, որը համակարգելու է սպորտի ոլորտը։ Նախարարը հաջողություն է մաղթել նրան՝ հույս հայտնելով, որ նորանշանակ տեղակալի ներգրավմամբ ոլորտում իրականացվող բարեփոխումներն առավել արդյունավետ ընթացք կստանան։

Քննարկվել են 2026 թվականի պետական բյուջեում մինչև տարեվերջ անհրաժեշտ վերաբաշխումների իրականացմանը, ինչպես նաև չորրորդ եռամսյակի ծրագրերի կատարողականին վերաբերող հարցեր։ Նախարարը հանձնարարել է մեկնարկել տարեկան հաշվետվությունների նախապատրաստման աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները։ Անդրադարձ է եղել նաև կամավոր ատեստավորման գործընթացին․ նախարարը հանձնարարել է կազմել և հրապարակել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման ժամանակացույցը՝ ապահովելով պատշաճ իրազեկում:

Քննարկվել են նաև Գիտության համաշխարհային օրվա և Ուսանողների միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները, «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի նախապատրաստական աշխատանքները, որոնց շրջանակում տրվել են համապատասխան հանձնարարականներ։

90