Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Նախարարը մարզպետ Վահրամ Խաչատրյանի և Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատուների հետ շրջել է մի շարք շինհրապարակներում։
Առաջին կանգառը Վանանդ բնակավայրի՝ 11 կմ երկարությամբ ճանապարհահատվածում էր, որտեղ այս պահին ընթանում են ասֆալտապատման ինտենսիվ աշխատանքներ։

Այնուհետև նախարարը եղել է Արմավիր-Մայիսյան ճանապարհահատվածում, որտեղ ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտվել են։
Դավիթ Խուդաթյանն այցելել է նաև Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի 3,4 կմ երկարությամբ ճանապարհահատված, որտեղ ևս ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի։
Նախարարն այցելել է նաև Էջմիածին-Շահումյան ճանապարհահատված, որտեղ հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։
Շինհրապարակներում Դավիթ Խուդաթյանը պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

