Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում համագործակցության ընթացքն ու հետագա անելիքները քննարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները, կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացմանն ուղղված առաջնահերթությունները և առաջիկա համագործակցության հնարավորությունները։ Արամայիս Գրիգորյանը կարևորել է միջազգային գործընկերների փորձագիտական աջակցությունը՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում։

Քննարկվել են նաև կիբեռանվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու առկա առաջնահերթությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների նույնականացման, կիբեռմիջադեպերի դասակարգման և արտակարգ իրավիճակներում դրանց կառավարման մեխանիզմների զարգացմանը, պետական կառույցների կիբեռանվտանգության կարողությունների գնահատմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցությամբ կիբեռանվտանգության լաբորատորիայի ստեղծմանը։

Անդրադարձ է կատարվել նաև մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, որոնց շրջանակում արդեն վերապատրաստվել է ավելի քան 400 մասնակից։ Կարևորվել է պետական և մասնավոր հատվածների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության խորացումը, այդ թվում՝ կիբեռմիջադեպերի կառավարման համատեղ վարժանքների կազմակերպման միջոցով։

Հաշվի առնելով արհեստական բանականության արագ զարգացումն ու կիրառման ընդլայնումը՝ հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ԱԲ-ի և կիբեռանվտանգության փոխկապակցվածությունը, ինչպես նաև անվտանգության նոր ռիսկերին համատեղ արձագանքելու անհրաժեշտությունը։ Կողմերն ընդգծել են համագործակցության շարունակականության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքները կենտրոնացնել գործնական քայլերի իրականացման ու շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ։

57