Արցախում քննարկվում է ռուս ուղղափառ եկեղեցի կառուցելու հարցը։ Այս մասին 24 News-ին հայտնեել է  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը։

Ավագյանը հայտնել է, որ այս թեմայի վերաբերյալ հանդիպումներ են տեղի ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի  և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ 

«Հանդիպման ընթացքում տրվել են հարցեր կապված բնակավայրի հետ, թե որտեղ կկառուցվի նոր եկեղեցին և քննարկվել է հարցը՝ ինչ նյութեր են օգտագործվելու՝ փայտ, թե՞ քար։ Մենք այս խնդրին շատ մեծ տեղ ենք տալիս, քանի որ համարում ենք՝ այս նախաձեռնությունը ռուս խաղաղապահների համար շատ կարևոր է»,-ասաց Ավագյանը։

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանինն էլ 24 News-ին հայտնեց, որ նախաձեռնության վերաբերյալ իր կարծիքը դրական է, քանի որ ռուս խաղաղապահները նույնպես հոգևոր կարիքներ ունեն։

«Եկեղեցին նախատեսվում է կառուցել օդանավակայանում, քանի որ ռուս խաղաղապահների զորախումբը տեղակայված է այնտեղ։  Բանակում բոլոր տեղերում կան մատուռներ, եկեղեցիներ, խորաններ, այս դեպքում էլ փոքր մատուռ է կառուցվելու, և ես կարծում եմ, որ դա նպատակային է»,-ասաց նա ու ավելացրեց, որ ռուս խաղաղապահներն Արցախում իրենց հոգևորականն ունեն։

1301