Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրամիությունը Հարավային Կովկասով և Կենտրոնական Ասիայով անցնող այլընտրանքային տրանսպորտային, էներգետիկ և թվային ուղիների զարգացումը դիտարկում է որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապերի դիվերսիֆիկացման կարևոր բաղադրիչ՝ ծովային հիմնական երթուղիների արգելափակման պայմաններում։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ մեկնաբանելով այսօր կայանալիք անվտանգության և փոխկապակցվածության հարցերով նախարարական հանդիպումը։
«Մենք տեսնում ենք Հորմուզի նեղուցի շրջափակումը, ինչպես նաև Սևծովյան միջանցքի և այժմ նաև Բաբելմանդեբի նեղուցի արգելափակումը։ Սա նշանակում է, որ բոլոր երկրները փնտրում են գոյություն ունեցող առևտրային ուղիներին այլընտրանքներ։ Այս համատեքստում Եվրոպան Ասիային կապելու հարցում Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի երկրներն իսկապես մեծ նշանակություն ունեն»,- նշել է Կալասը։
Նրա խոսքով՝ քննարկվում են նաև էներգետիկ կապերի զարգացումն ու էներգակիրների մատակարարման այլընտրանքային հնարավորությունները, ինչպես նաև թվային փոխկապակցվածությունը, քանի որ ներկայումս գրեթե ամեն ինչ կախված է թվային կապերից։
Կալասը շեշտել է, որ կապերի դիվերսիֆիկացումը բխում է ինչպես Եվրամիության, այնպես էլ տարածաշրջանի գործընկեր երկրների փոխադարձ շահերից։
Սա ԵՄ անդամ երկրների և Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մոլդովայի, Թուրքիայի ու Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ այս ձևաչափով արդեն երկրորդ հանդիպումն է։
Քննարկումների հիմնական թեմաներն են տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։