Ազգային ժողովի նախագահն ընդունեց ՄԹ Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարարին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին:

 

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը նշեց, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող գործընկերային հարաբերություններն առավել աշխուժացման կարիք ունեն, ինչին մեծապես կարող է նպաստել երկու խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության կյանքի կոչման եւ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար հայկական կողմի համար առաջնահերթ է հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձը հայրենիք: Ազգային ժողովի նախագահը հավելեց, որ հայկական կողմի համար շարունակում են օրակարգում լինել Արցախի կարգավիճակի հարցի շուրջ բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նախարար Մորթընը իր հերթին կարեւորեց կրակի դադարեցման ռեժիմի հաստատումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում բարեփոխումների օրակարգի, ինչպես նաեւ ՄԹ ֆինանսական աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքի եւ հաջողությունների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւս մեկ անգամ կարեւորեց ռազմագարերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով շուտափույթ վերադարձի հարցը եւ հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետությունը՝ որպես գործընկեր, կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը:

16 Փետրվար, 2021 22:00
121
; ;