Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին առաջիկայում ընկերական հանդիպում կանցկացնի:

 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի երկու երկրների՝ մինչև 21 տարեկանների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Երևանում։ 

 

Նախորդ տարվա ավարտին Մ21 տարեկանների ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր Ռաֆայել Նազարյանը: Վերջինս սկսած 2019 թվականի օգոստոսից, գլխավորում է ԲԿՄԱ-ն: 45-ամյա մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են Մհեր Միրումյանը, Գևորգ Պողոսյանը, Արամ Բարեղամյանը և դարպասապահների մարզիչ Նիկոլայ Սարգսյանը: 

 

Ռաֆայել Նազարյանն ունի Հայաստանի Մ-21 հավաքականի հետ աշխատելու փորձ (2011-2013): Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է պատմության մեջ լավագույն արդյունքը՝ Եվրոպայի Մ-21 2013 թ. առաջնության ընտրական փուլում տանելով 4 հաղթանակ, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի և կրելով 1 պարտություն: Ընդգրկված լինելով Չեխիայի, Չեռնոգորիայի, ՈՒելսի և Անդորրայի Մ-21 թիմերի հետ նույն խմբում՝ մեր թիմը վաստակել է 15 միավոր և զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

 

Ընդհանուր առմամբ, Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը 2011-ից 2013 թթ. անցկացրել է 12 հանդիպում, տարել է 5 հաղթանակ, 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, և կրել է 4 պարտություն։ Խփած և բաց թողած գնդակների տարբերությունն է 15-13։

17 Փետրվար, 2021 14:04
80
; ;