Փետրվարի 22-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպման օրակարգի առանցքում տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերն էին: Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և արցախահայության սոցիալական կարիքների հասցեագրման համատեքստում զրուցակիցները կարևորեցին միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը: 

Հրատապ հումանիտար հարցերի առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեչսության ղեկավարն ընդգծեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձումը: 

Նախարար Այվազյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը համակարծիք էին, որ խաղաղ կարգավորման առանցքային հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակը, պետք է հասցեագրվեն բացառապես բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և խաղաղ գործընթացին, որը բերելու է հիմնախնդրի կայուն և արդար հանգուցալուծման:

Նախարար Այվազյանը նաև ընդգծեց վերջին թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման և պաշտպանության առաջնահերթությունը:  

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության բազմաբովանդակ օրակարգի շուրջ: Երկուստեք գոհունակություն հայտնեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Նախարար Այվազյանը վերահաստաստեց Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը:

247