Մաշտոցյան մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ. Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցադրվելու են Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:
Ցուցահանդեսը ժամանակավոր է, համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Արցախ։

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղը բացվել է 2015 թվականին: «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն հիմնելու նպատակով Արցախի թեմն անհատույց ու անժամկետ հատկացրել է Գանձասար վանական համալիրին կից դպրատան նախկին շենքը, որը վերանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով:
Կենտրոնում ցուցադրվում են 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, արխիվային արժեքավոր փաստաթղթեր ու հնատիպ գրքեր:
Արցախը հայտնի է ոչ միայն տեղում ստեղծված ձեռագրերով, նաև պատմական Հայաստանի տարբեր նահանգներում գրչագրված շատ ձեռագրեր ժամանակին փրկագնվել և պահվել են այստեղ:

Բացառիկ հնարավորություն է ստեղծվել աշխարհասփյուռ արցախյան ձեռագրերը մեկտեղել մեկ հարկի տակ՝ «Մատենադարան-Գանձասար»-ում: Մինչև մեր օրերը հասել են Գանձասարում գրված 13 ձեռագիր, որոնցից 12-ը պահվում են Մատենադարանում, մեկը՝ Երուսաղեմում՝ Սրբոց Հակոբյանց վանքում: Կենտրոնում ցուցադրվում է 12-ը:

Հիմնական ցուցադրությունից զատ կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ։

Իրականացվում են գիտաժողովներ, այդ թվում՝ միջազգային։ 2019 թվականին կազմակերպվել է «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային հայագիտական գիտաժողովը, որին մասնակցել են Եվրոպայից, ԱՄՆ-ից հեղինակավոր հայագետներ, մեծ համբավ ունեցող գիտական կենտրոնների ներկայացուցիչներ:

26 Փետրվար, 2021 11:36
77
; ;