Մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները: Վերջին երկու տարվա ընթացքում նույնպես թուլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները` ես նկատի ունեմ հեղափոխությունից հետո: Խոսքը մեր կառավարության մասին է: Խոսքը անձամբ իմ մասին է: Եվ ես ուզում եմ ձեզնից բոլորից` ՀՀ բոլոր քաղաքացիներից, Սփյուռքի բոլոր հայերից, Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրել իմ թուլ տված բոլոր սխալների համար:

Ես շատ եմ մտածել, թե որտեղ եմ սխալվել: Այդպիսի կոնկրետ դեպքեր կարելի է թվարկել: Բայց ավելի կարևոր է, թե ինչու ենք մենք սխալվել, ինչու է սխալվել մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը: Որքան էլ տարօրինակ թվա, մեր սխալների մեծագույն պատճառներից մեկը մեր սիրված լինելն է, որպես իշխանություն: Մենք այնքան սիրված ենք եղել, որ ձգտելով արդարացնել ժողովրդական այդ սերը և մեր սերը ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ, ցանկացել ենք ամեն ինչ անենք ճշգրիտ և կատարյալ: Եվ կատարելության փնտրտուքը շատ դեպքերում բերել է անգործության: Երբեմն իրադրության բերումով անխուսափելի է եղել ընտրությունը վատի և վատթարագույնի միջև, բայց մենք կատարել ենք այդ ընտրությունը՝ մտածելով, որ ժողովուրդը մեզ իշխանության չի բերել, որ մենք իր առաջ դնենք վատը կամ վատթարագույնը: Ժողովուրդը մեզ  իշխանության է բերել, որ մենք իր համար ընտրություն ձևավորենք լավի ու լավագույնի միջև:

1261