ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մարտի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը միմյանց շնորհավորել են Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ: Երկուստեք ընդգծվել է, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև բազմոլորտ գործընկերության համար: 

Ըստ աղբյուրի՝ Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական միության և ԵՄ երկրների հետ համագործակցության, ինչպես նաև ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ:

ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ հեռախոսազրույցի ժամանակ հանգամանալից անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա արդյունքում արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման գործում միջազգային գործընկերների ներգրավվածության շուրջ։

Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

02 Մարտ, 2021 23:03
153
; ;