Freedom House-ը հրապարակել է իր ամենամյա Freedom in the World 2021 զեկույցը, որում անդրադարձել է նաեւ հետպատերազմյան իրադարձություններին Հայաստանում:

Զեկույցի արդյունքներով` Հայաստանը 55 միավոր է վաստակել հնարավոր 100-ից եւ հայտնվել է մասամբ ազատ երկրների շարքում:

«Ավտորիտար կառավարման ընդլայնումը, որը զուգորդվում է խոշոր ժողովրդավարությունների անկմամբ եւ անհետեւողական ներկայությամբ միջազգային ասպարեզում, շոշափելի հետեւանքներ է ունեցել մարդկանց կյանքի եւ անվտանգության համար, այդ թվում` ռազմական ուժի հաճախակի օգտագործումը քաղաքական վեճերի լուծման համար:

Քանի որ Լիբիայի եւ Եմենի նման տեղերում երկարատեւ հակամարտություններ են բռնկվում, Եթովպիայի եւ Ադրբեջանի ղեկավարներն անցյալ տարի պատերազմներ սանձազերծեցին համապատասխանաբար Տիգրայի եւ Լեռնային Ղարաբաղի շրջաններում` ապավինելով ավտորիտար հարեւաններ Էրիտրեայի եւ Թուրքիայի աջակցությանը եւ ապակայունացնելով հարակից տարածաշրջանները: Ռազմական գործողությունների հետեւանքները ոչնչացրեցին փորձնական բարեփոխումների հույսերն ինչպես Հայաստանում, որը բախվեց Ադրբեջանի ռեժիմի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով, այնպես էլ` Եթովպիայում»,- նշում են զեկույցի հեղինակները:

Զեկույցի հեղինակների կարծիքով` ղարաբաղյան պատերազմն ամրապնդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավտորիտար իշխանությունը, սկաայն այս հակամարտությունը սպառնում է ապակայունացնել Հայաստանի կառավարության դիրքերը:

Զեկույցում նշվում է նաեւ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կապիտուլյացիան պատերազմում բուռն արձագանք առաջացրեց որոշ ընդդիմախոսների շրջանում, ովքեր նոյեմբերին ներխուժեցին խորհրդարան եւ հարձակվեցին խորհրդարանի խոսնակի վրա:

«Նման անկարգությունը սպառնում է երկրի դժվարությամբ ձեռք բերված առաջընթացին եւ կարող է իրադարձությունների մի աբողջ շղթա առաջացնել, որը Հայաստանին կմոտեցնի հարեւանների ավտոկրատական ​​միտումներին»,- հավելել են հեղինակները:

news.am

165