
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն հրապարակել է «Ազատությունն աշխարհում - 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար իրավունքների համար» վերտառությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։ Զեկույցը գնահատում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը: Այս տարվա զեկույցում արձանագրվել է, որ 60 երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների առումով անկում է գրանցվել, իսկ բարելավումներ արձանագրվել են միայն 34 երկրներում։
Ոչ ազատ համարվող 67 երկրներից և տարածքներից 17-ն ունեն քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ամենավատ միավորները: Դրանց թվում են Աֆղանստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Սիրիան, Թուրքմենստանը և այլ երկրներ, ինչպես նաև տարածքներ, ներառյալ Արևմտյան Սահարան, Գազայի հատվածը, Տիբեթը և Ռուսաստանի օկուպացիայի ներքո գտնվող Ուկրաինայի տարածքները:
Հայաստանի ընդհանուր միավորների քանակը չի փոխվել
Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Թուրքիան, Ռուսասատնը, Ադրբեջանն ու Իրանը ընդգրկված են «ոչ ազատ» երկրների խմբում:
Հայաստանի պարագայում ընդհանուր միավորների հանրագումարը՝ նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ 54: Վրաստանի պարագայում՝ երկիրը երեք կետով վատացրել է իր դիրքերը և այժմ ունի 55 միավոր՝ նախորդ տարվա զեկույցում արձանագրված 58-ի փոխարեն։ Հայաստանի ու հարևան երկրների շարքում Վրաստանը միակ պետությունն է, որի միավորները պակասել են՝ նախորդ տարվա համեմատ։ Թուրքիան ունի 33 միավոր, Ռուսաստանը` 12, Իրանը՝ 11, իսկ Ադրբեջանը՝ 7։ Բացի Ռոսաստանից, որի գնահատականը իջել է մեկ միավորով նախորդ զեկույցի համեմատ, մնացած երեք երկրների՝ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի միավորներն անփոփոխ են մնացել։
Հետխորհրդային երկրներից, բացառությամբ «ազատ» գնահատական վայելող մերձբալթյան երեք հանրապետությունների, «մասամբ ազատ» երկրներից են նաև Ուկրաինան ու Մոլդովան: Մնացած հետխորհրդային երկրները «ոչ ազատ» են:
Կազմակերպությունը տեղեկացրել է, որ երկրներին վերաբերող առանձին զեկույցները կհրապարակվեն առաջիկայում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։