![](https://araratnews.am/admin/images/1614840693.jpg)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N 1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը կքննարկվի գործադիրի նիստում։
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման չափանիշները բավարարող շահառուներին աջակցությունից օգտվելու համար դիմումների ներկայացման և փոխհատուցման ժամկետները փոփոխելու, ինչպես նաև Որոշմամբ նախատեսված զբոսաշրջության ոլորտը սպասարկող, տրանսպորտային ընկերությունների տնտեսական գործունեության հայտարարագրած դասակարգիչների ցանկում լրացում կատարելու անհրաժեշտությամբ։
Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի և ռազմական դրության հետևանքով ստեղծված և առայսօր շարունակվող բացասական ազդեցությունը զբոսաշրջային տրանսպորտային միջոցներ ձեռք բերած և շահագործող տնտեսավարողների գործունեության վրա, ինչի հետևանքով վերջիններիս կողմից վնասների կրումը մնում է շարունակական, Որոշմամբ առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում առավել թվով պոտենցիալ շահառուների ներգրավումն արդիական է։
Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում, տուժած զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունները, որոնք բավարարում են Որոշմամբ հաստատված բոլոր չափանիշներին, հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրին և դառնալու Միջոցառման շահառու:
Արդյունքում զբոսաշրջության ոլորտը սպասարկող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ևս կստանան պետական աջակցություն՝ թեթևացնելու վարկային պարտավորությունները։