ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատված է իր զբաղեցրած պաշտոնից, և այս փաստն անբեկանելի է, իրավական որևէ գործընթացով այն չի կարող փոխվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Հանրապետության նախագահին ներկայացված հրամանագրերի նախագծերի վերաբերյալ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»: Իսկ Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»:

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման մասին հրամանագրի նախագիծը Հանրապետության Նախագահը ՍԴ չի ուղարկել, ըստ այդմ, Սահմանադրության 139 հոդվածի 3-րդ մասի հիման վրա համապատասխան հրամանագիրը իրավունքի ուժով ուժի մեջ է մտել, և վերջ:

Արձանագրում երկրորդ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը գործում է ողջ ծավալով»

Օրենքի որևէ դրույթի սահմանադրականության բողոքարկումը չի նշանակում, որ այն մեխանիկորեն դադարում է գործել:

Իհարկե, ՍԴ-ն կարող է կասեցնել բողոքարկվող նորմի գործողությունը, սակայն մինչ այդ օրենքի բողոքարկվող դրույթը շարունակում է գործել ողջ ծավալով, քանի դեռ ՍԴ ուժի մեջ մտած որոշմամբ այն հակասահմանադրական չի ճանաչվել: Ուշագրավ է, որ հատկապես օրենքների նորմերի մասով ՍԴ-ն միջանկյալ՝ նորմի գործողության կասեցման գործիքը սովորաբար չի կիրառում, որպեսզի իրավական վակուում չստեղծվի:

Օրենքները կարգավորում են այս կամ այն ոլորտի իրավահարաբերությունները, և որևէ նորմի գործողության կասեցումը կարող է հանգեցնել իրավական վակուումի՝ անդառնալի հետևանքներով: Ինչ վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը հանրապետության նախագահի կողմից ՍԴ բողոքարկելուն, նախ՝ նախագահի աշխատակազմի հայտարարությունից պարզ չի դառնում, թե օրենքի որ նորմի սահմանադրականությունն է բողոքարկվել:

Այս փաստը հայտնի կդառնա, երբ հրապարակվի նախագահի՝ ՍԴ ներկայացրած դիմումը: Նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ամբողջությամբ է բողոքարկվել, ինչը, կարծում եմ, իրատեսական չէ, քանի որ նման քայլը անհեթեթ և անմիտ է:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն կարգավորում է քաղաքացիների կողմից ՀՀ պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Այսինքն՝ անհեթեթ են բոլոր այն պնդումները, թե նախագահի կողմից ՍԴ դիմելուց հետո այդ օրենքի որևէ նորմ իբր չի կարող կիրառվել: Նման մոտեցումը ոչ միայն հակաիրավական է, այլ նաև հակապետական՝ հաշվի առնելով օրենքի կարգավորման շրջանակը:

Հ.Գ. - Նախագահի կողմից գործող օրենքի նորմը բողոքարկելու հարցը ևս իրավական բանավեճի առարկա է: Սահմանադրության՝ մինչ այժմ կիրառված պրակտիկայի տրամաբանությամբ նախագահը օրենքի միայն նախագծի սահմանադրականությունը կարող է բողոքարկել ՍԴ: Այսինքն՝ ՍԴ-ն նախ պետք է որոշի, թե արդյոք նախագահը կարո՞ղ է գործող օրենքի սահմանադրականությունը վիճարկել ՍԴ-ում, թե՞ ոչ»,- գրել է Հովակիմյանը:

 

 

 

10 Մարտ, 2021 12:27
96
; ;