«Պետք է ասեմ, որ եղանակի կայունացում չի սպասվում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր երեկոյան ժամերին սպասվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափանցումը ՀՀ տարածք: Երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կվերսկսվեն: Այդ ցիկլոնը կգործի մինչև ամսի 25-ը ներառյալ: Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Առանձին հատվածներում տեղումները կլինեն բավականին ինտենսիվ: Կուղեկցվեն ամպրոպներով: Սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 վայրկյան»,- ասաց Սուրենյանը:
Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ մարտի 26-ին այդ պրոցեսը մի քիչ կթուլանա, իսկ ահա 27-ին Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժում կունենանք. «Նորից տեղումները ՀՀ ողջ տարածքում կվերսկսվեն: Այդ օրը կունենանք ջերմաստիճանի կտրուկ անկում մոտ 7-10 աստիճանով: Եվ արդեն ձյուն կտեղա կրկին Լոռի-Տավուշում, բոլոր լեռնային և նախալեռնային շրջաններում»:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալի խոսքով՝ մինչև 27-ը ներառյալ չենք ունենա եղանակի պարզեցում: