
Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ ունեցան դելիմիտացված սահման, այն Հայաստանի կողմից Տավուշի մարզում է։ Այս գործընթացի արդյունքում Տավուշի մարզի Կիրանցին են վերադարձվում մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար։
Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցին և Ոսկեպար-Բաղանիս ճանապարհն ամբողջությամբ գտնվելու են ՀՀ տարածքում, սահմանագիծը գտնվում է թե՛ ճանապարհից, թե՛ եկեղեցուց բավականին հեռու: Առաջիկա օրերին սահմանի այդ հատվածներում երկու կողմերից կտեղակայվեն սահմանապահներ։ Ինչը նշանակում է, որ այդ մասում մարտական դիրքեր, խրամատներ չեն լինելու։
Սահմանազատման գործընթացի հերթական արձանագրությունը թերևս սառը ցնցուղ էր ընդդիմության համար, որոնք դեռ գործընթացի առաջին օրերին սկսել էին քաղաքական ներկայացումներ կազմակերպել Ոսկեպարում և Կիրանցում։ Փաստացի ստացվեց, որ Հայաստանը ոչ միայն զիջում է, այլև ստանում է։ Իսկ Ոսկեպարի եկեղեցին մնում է ՀՀ տարածքում։
Տավուշում սահմանազատման գործընթացը բավական մեծ հանրային աղմուկ էր առաջացրել։ Տեղացիները օբյեկտիվ անհանգստություն ունեին, որն էլ ընդդիմությունը և օտար երկրի շահերը սպասարկող ուժերը որսացին ու սկսեցին օգտագործել իրենց քաղաքական շահերի սպասարկման համար։
Հայաստանի նախկին նախագահների, հիմնականում Ռոբերտ Քոչարյանի կողմից հովանավորվող շարժումը քողարկել են Եկեղեցու և Տավուշի «փրկության» անվան տակ, սակայն իրականում այդ ուժերը, հավանաբար նաև այլ երկրի դրդմամբ, բոլորովին ուրիշ նպատակ են հետապնդում և հերթական անգամ փորձում են անկայունություն առաջացնել երկրում։
Հոգևորականից քաղաքական գործիչ դարձած Բագրատ Գալստանյանը Երևան հասնելուն պես մոռացավ թե՛ Տավուշի, թե՛ սահմանազատման մասին և սկսեց քաղաքական «պատարագներ» մատուցել Երևանի փողոցներում, որոնք բոլորովին կապ չունեին ո՛չ Տավուշի, ո՛չ էլ սահմանազատման գործընթացի հետ։ Ավելին, Գալստանյանն իր գլխավորած շարժմանը երեկ նաև արտաքին քաղաքական երանգ տվեց և մի խումբ մարդկանցով փորձեցին տապալել Երևանում անցկացվող՝ Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպում — գործարար համաժողովը, որն անչափ կարևոր նշանակություն ուներ Հայաստանի համար։ Ուշագրավ է, որ Գալստանյանի կողմնակիցները Հայաստան-Արևմուտք այդ կարևոր միջոցառման ուղղությամբ «գրոհեցին» այն բանից հետո, երբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սկսեց հրապարակայնորեն դժգոհել, որ Արևմուտքը բավարար ուշադրություն չի դարձնում երևանյան ցույցերին։ Ինչպես ասում են՝ «ցարից» նամակը եկավ և տեղի գործակալական ցանցը Տավուշի փրկությունը փոխարինեց Արևմուտքի դեմ պայքարով։
Խոշոր հաշվով, Գալստանյանի շարժումը ուղղված է հենց Հայաստանի պետականության դեմ։ Հայաստանի պարագայում չսահմանազատված սահման նշանակում է խոցելի անվտանգային համակարգ, իսկ Հայաստանի խոցելի անվտանգային համակարգը ձեռնտու է բացառապես երկու երկրի՝ Ադրբեջանին, որպեսզի միշտ առիթ և պատրվակ լինի սահմանային գիծն այս ու այն կողմ տանելու, և Ռուսաստանին, որպեսզի Հայաստանը անվտանգային առումով միշտ կախման մեջ գտնվի։