Հայաստանում պետությունը աջակցում է, կապեր է ստեղծում մասնավոր ընկերությունների համար, որ նրանք ևս կարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել, իսկ քաղաքացիները վճարի դիմաց ստանան դրանք: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ-ից Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

«Ամբողջ աշխարհում մրցավազք է պատվաստանյութ ձեռք բերելու: Եվ Հայաստանը ևս ամբողջ ուժով լծված է՝ մի շարք հարթակներով՝ երկկողմանի և միջազգային հարթակներում, պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը ապահովելուն: Այս պահին կառավարությունը բավական ֆինանսական միջոցներ հատկացրել է այս պրոցեսն իրականացնելու: Եվ մենք ներկայումս Covax հարթակի միջոցով արդեն ունենք նախնական պայմանավորվածություն և  կնքած պայմանագրիր, որի շրջանակում պետք է ունենանք պատվաստանյութ»,-ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ բացի այդ, կա նաև երկկողմանի համաձայնություն՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Այդտեղից ևս առաջիկայում ակնկալվում է Sputnik V պատվաստանյութի ներմուծում: Նախարարը հիշեցրեց, որ այս պահին իրականացնում են պետության միջոցների հաշվին միայն ռիսկի խմբի քաղաքացիների և բուժաշխատողի պատվաստումը: Ներկայում մոտ 600 բուժաշխատողներ և ռիսկի խմբի քաղաքացիներ ստացել են պատվաստումը, գործընթացը գնում է առաջ:

«Մենք մասնավոր հիմունքներով ևս աջակցում ենք, կապեր են ստեղծում մեր ընկերությունների համար, որպեսզի նրանք ևս կարողանան գնումներ անել, և այն քաղաքացիները, որոնք չեն պատկանում ռիսկի խմբին, կարողանան ևս վճարի դիմաց ստանալ պատվաստումը: Գործընթացը ընթացքի մեջ է»,-ասաց Ավանեսյանը:

24 Մարտ, 2021 18:57
125
; ;