Ս.թ. մարտի 25-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, ՀՀ եւ ԱՀ կառավարության մի շարք անդամների եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրներին։

Այս մասին  հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Հանդիպման ընթացքում ընդգծվեց Արցախում բնակարանաշինության եւ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր իրականացնելու հրատապությունը: Ծրագրի շրջանակներում Արցախում շուրջ 6000 ընտանիք կապահովվի բնակարանով, կստեղծվեն եւ կվերականգնվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ:  ԱՀ նախագահը նշեց, որ հիշյալ ծրագրի համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է շուրջ 110 միլիարդ ՀՀ դրամ։ Այս Ծրագիրը, ընթացքի մեջ գտնվող մնացած ծրագրերի հետ միասին, հնարավորություն կտա ապահովել տեղահանված բոլոր ընտանիքների վերադարձը Արցախի Հանրապետություն։

 

Վարչապետն արտահայտեց ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու նշված Ծրագրին՝ առաջարկելով այն իրականացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Հիմնադրամի քննարկմանը կներկայացվի անհրաժեշտ գումարը «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաքի արդյունքում հավաքագրված եւ ՀՀ բանկային հաշիվներում ու արտեկրում գործող տեղական մարմիններում այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ առկա շուրջ 58 միլիարդ դրամից տրամադրելու առաջարկը:

 

Իսկ Կառավարությունը պատրաստակամություն հայտնեց հատկացնել Ծրագրի համար անհրաժեշտ եւս 52 միլիարդ դրամը այն Հիմնադրամին փոխանցելու միջոցով՝ հաշվի առնելով նաեւ պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված համարժեք ֆինանսական աջակցությունը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունեց առաջարկը:

Հանդիպման արդյունքում որոշվեց նաեւ, որ ԱՀ կառավարությունն առաջիկայում կներկայացնի 2021-2024 թվկանների համար նախատեսվող Ծրագրի մանրամասն նկարագիրը, որի իրականացման հարցերը կքննարկվեն ՀՀ կառավարության եւ Հիմնադրամի միջեւ:

29 Մարտ, 2021 18:52
115
; ;