Ցավակցական հեռագիր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

ԱՀ ՊԲ ողջ անձնակազմը խոր ցավով տեղեկացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի՝ սիրելի Կոմանդոսի մահվան մասին:

Ստանձնելով ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը մի ժամանակաշրջանում, երբ նորանկախ հանրապետությունը գտնվում էր լիակատար շրջափակման մեջ և ստիպված էր դիմակայել ադրբեջանական ագրեսիային՝ փորձառու զինվորականն իրեն բնորոշ պատասխանատվությամբ ձեռնամուխ եղավ մարտական գործողությունները համակարգելու և անջատ-անջատ գործող կամավորական ջոկատների հիմքի վրա կանոնավոր բանակ կազմավորելու բարդ գործին:

Կոմանդոսի հրամանատարական գործունեության գագաթնակետը դարձավ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը: Այն կազմակերպվեց և իրականացվեց բարձր ռազմական արվեստի բոլոր կանոններով: Երբ Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվեց այլ պաշտոնի, ազատագրված էին Տողն ու Շուշին, լռեցված էին Ստեփանակերտը շուրջօրյա գնդակոծող թշնամական կրակակետերն, ու Արցախն ուներ հուսալի ցամաքային կապ մայր Հայաստանի հետ:

ԱՀ ՊԲ ողջ անձնակազմի անունից հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունը Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին և մտերիմներին:

Նրա անունն անջնջելի տառերով է գրվել հայ ռազմարվեստի պատմության մեջ: Նրա հիատակը մշտապես կենդանի է մնալու բոլորիս սրտերում:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյան

01 Ապրիլ, 2021 12:28
77
; ;