2021 թվականը մեզանից խլեց շատ մեծանուն հայերի: Araratnews.am -ը հիշեցնում է 2021 թվականի անդառնալի կորուստները:

Մարտի 31-ին մահացավ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը

Կյանքի 82-րդ տարում մարտի 31-ին մահացավ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը: Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատացել էր, և տեղափոխվել էր հիվանդանոց։ 

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին, վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում։ Նա Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1992 թվականի մայիսին 8-ի լույս 9-ի գիշերը հայկական ուժերը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ազատագրել են բերդաքաղաք Շուշին։

Մայիսի 9-ին մահացավ Հասմիկ Կիրակոսյանը

2021 թվականին 78 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը։ Մշակութային կյանքի գիտակ, մշակույթով ապրող, մշակույթի զարկերակին սեփական սրտի զարկը միացրած, նուրբ ու բարի, Շիրակի հոգսով շնչող, շիրակյան էներգիան իր մեջ ամփոփած ու կյանքով լի Հասմիկ Կիրակոսյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան իմացողների սրտում։

Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Լենինականում, ծառայողի ընտանիքում: 1949-1959 թթ.սովորել և ավարտել է Լենինականի թիվ 26 միջնակարգ դպրոցը: 

2000 թվականին արժանացել է Մովսես Խորենացի մեդալի: 2004 թվականին՝ ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի, իսկ 2007 թվականին՝ ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալների:

Հունիսի 26-ին մահացավ հեռուստահաղորդավար Գևորգ Եղիազարյանը

Կյանքից անժամանակ հեռացավ հեռուստահաղորդավար, հանդիսավար Գևորգ Եղիազարյանը։ Նա 47 տարեկան էր, վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում։ 

Ըստ շրջանառվող լուրերի, նա սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:

Հուլիսի 6-ին մահացավ դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը

92 տարեկանում մահացավ դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: 

Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թվականին Կոտայքի մարզի Սոլագ գյուղում։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ 1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։

Հուլիսի 7-ին մահացավ գրող Արմեն Շեկոյանը

68 տարեկանում կյանքից հեռացավ հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը: 

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թ. մարտի 28-ին Երևանում: 1974 թվականին գրողն ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1976-90թթ. որպես խմբագիր և գլխավոր խմբագիր է աշխատել տարբեր հրատարակչություններում ու խմբագրություններում («Ծիծեռնակ», «Գարուն», «Գրական թերթ», «Բանբեր», «Առավոտ»): 

Ավելի քան 8 ժողովածուի հեղինակ է, գրել է նաև մանուկների համար («Երկու քույրիկ», 1992թ.): Նրա ստեղծագործությունները թարգմանվել  են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։ 2017 թվականին արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

Սեպտեմբերի 20-ին մահացավ ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը

Այս տարի 74 տարեկանում Երեւանում մահացավ հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը (օրիորդական ազգանունը՝ Մկրտչյան)։ 

Անահիտ Թոփչյանը ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին, Արթիկում: 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ է։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։

Ունի բազմաթիվ թարգմանություններ ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։

Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ. Միյոյի անվան թատրոնում։

Անահիտ Թոփչյանի ամուսինը՝ գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանը մահացել էր 2021-ի սեպտեմբերի 3-ին։

Սեպտեմբերի 29-ին մահացավ երգիչ, երգահան Հայկոն՝ Հայկ Հակոբյանը

Հայկոն 48 տարեկան էր։ Նա վարակվել էր կորոնավիրուսով: Սեպտեմբերի 21-ին երգիչը ծանր վիճակում տեղափոխվել էր Միքայելյան համալսարանական հիվանդանոց։ 

Հայկ Հակոբյանը ծնվել է 1973 թվականի օգոստոսի 25-ին, Երևան քաղաքում: 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը:

1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։ 2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։

Հոկտեմբերի 15-ին մահացավ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը

Հոկտեմբերի 15-ին կյանքի 75-րդ տարում մահացավ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը։ Նրա մահվան մասին գույժը տարածել է Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը։

Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում։ 

ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Հոկտեմբերի 21-ին կորոնավիրուսից մահացավ Տիգրան Կարապետյանը

76 տարեկանում մահացավ քաղաքական գործիչ, «ԱԼՄ հոլդինգի» և «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նա օրեր առաջ կորոնավիրուսային ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել հիվանդանոցից: Սակայն հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 21-ին Կարապետյանը կրկին հոսպիտալացվել էր, այս անգամ ՝ Հերացի համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղ նրան թեստավորել էին քովիդի դեմ, և թեստի պատասխանը կրկին դրական էր եղել:

Դեկտեմբերի 21-ին մահացավ Ռիմա Դեմիրճյանը

Դեկտեմբերի 21-ին 88 տարեկանում մահացավ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Տիկին Դեմիրճյանը ծնվել է 1933թ․։ 

Նա տնօրինում էր  «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամը: Երկար տարիներ դասախոսելով պոլիտեխնիկական համալսարանում՝  Ռիմա Դեմիրճյանն մի առիթով  ասել է՝  երբեք ամուսնու պաշտոնը չի չարաշահել։

Ուժեղ կին էր Ռիմա Դեմիրճյանը, որը նույնիսկ 1999թ հոկտեմբերի 27-ից հետո  չդավաճանեց իր եւ ամուսնու սկզբունքներին՝ հայրենիքի շահը ամենից վեր դասերով։

 

Հեղինակ ՝ Մարիամ Գևորգյան

9947