1999 թ.-ի այս օրը, այն ժամանակվա Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ԱԺ մտավ Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Վանո Սիրադեղյանն այդ օրը հանդես եկավ աննախադեպ ելույթով` բացելով բոլոր փակագծերը:

Ի՞նչ են ուզում սրանով եւ առհասարակ ի՞նչ են ուզում մեզանից։ Նախեւառաջ ուզում են ամրապնդել իշխանությունը եւ ամրանալ Հայաստանում։ Ինչի համար նախ՝ հարկավոր էր զավթել իշխանությունը։ Ինչպես միշտ, անխափան աշխատեց շանտաժը։ Նախագահին ու պաշտպանության նախարարին սպառնացին, որ պատանդ կպահեն մեր զորակոչիկներին, եւ նախագահը հրաժարական տվեց։ Հերթը հասավ Դեմիրճյանին՝ Դեմիրճյանը իրեն անհասկանալի ուժի առաջ իր տեղը զիջեց։ Ինչո՞ւ էր պետք իշխանությունը զավթել Հայաստանում։ Պետք էր, որովհետեւ իրենք չեն հավատում Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Ավելին, իրենց հարկավոր չէր խաղաղ կարգավորումը, որովհետեւ Ղարաբաղի քաղաքական էլիտան բնականաբար պիտի տեղ չունենար խաղաղ միջոցներով կարգավորված Ղարաբաղում։ Եվ իրենց ձեռք չէր տալիս երկրորդական տեղերը Հայաստանում։

Ուրեմն, վերցնել իշխանությունը եւ ամրապնդվել։ Ամրապնդվել ըստ ամենայնի եւ միջոցների մեջ խտրություն չդնելով։ Բացարձակ անպատկառությամբ։ Զուրկ ոչ միայն հասարակական, ոչ միայն բարոյական պարտավորությունից, այլեւ առանց տարրական ամոթի զգացման։ Որովհետեւ ամոթի ինչ զգացում պիտի ունենա մարդը, որ իր ապրած տեղում ոչ հարեւան ունի, ոչ տոհմ, ոչ շրջապատ ու փողոց, ում առաջ ամաչի։

Ամրապնդվել, ամայացնել փորձելով եղած-չեղած քաղաքական դաշտը, ամեն քայլով փորձելով նսեմացնել Հայաստանի գործիչների, կառույցների դերն այս պատերազմում, այդ ճանապարհին չխորշելով անգամ նոր ուսումնասիրության առարկա դարձնել (ակնարկելով, որ վերաքննության առարկա կարող է դառնալ) արդեն գոյություն չունեցող երկրի դատախազության կողմից հարուցված քրեական գործի հատորները՝ «Ղարաբաղ» կոմիտեի եւ համախոհների դեմ, այսպես անլվա ոտներով մտնելով մեր համաժողովրդական անկախության ու ազատագրության շարժման 88 թ. նվիրական շեմը, շարժում, որը ոչ կուսակցություն էր, ոչ իշխանությունը, ոչ քաղաքական գործիչներ, այլ մեր ժողովրդի ոգու վսեմագույն պոռթկումներից մեկը։

Ամրապնդվել՝ կեղեքելով ու հարստահարելով աշխատող եւ աշխատատեղ ստեղծող մարդկանց, ստիպելով հանել վերջին կոպեկը շրջանառությունից, այսպիսով բացառելով ոչ միայն արտադրություն եւ աճ, այլեւ կանգնեցնելով վերարտադրությունն անգամ։ Այդպես չի վարվում նվաճողն անգամ, որը խոհեմորեն տեղ է թողնում իր բանակը կերակրելուն։ Այդպես վարվում է երկրով անցնող ասպատակը։ Ամրապնդվել՝ կադրերով՝ դատարկելով Ղարաբաղը վերջին կապող ուժերից։ Եվ այս ընթացքը կասեցնել չի լինի։

Այս ընթացքը վերջի սկիզբն է, որովհետեւ երկիրը պահում են ոչ թե բանակով, այլ երկրում ապրելով։

Եվ հանցավոր աշխարհի ու պետության հավերժական դիմակայության սահմանն է լղոզվում, երբ քաղաքական խաղը ոչ միայն դուրս է գալիս կանոններից, այլեւ բացառում է պատիվը, զինակցության զգացումը, ուրացվում է միասին կերած հացը։ Սա միայն ընկերության ու տղամարդկության հարց չէ, այլեւ պետական եւ ազգային անվտանգության, որովհետեւ պատմության մեջ, համենայնդեպս, ինձ հայտնի չէ զինակցի դավաճանություն, որ չավարտվի հայրենիքի դավաճանությամբ։ Եվ այսքանից հետո խոսել օրենքի անունի՞ց։

Ովքե՞ր են խոսում օրենքի անունից։ Մոնթեի եւ Արթուր Մկրտչյանի սպանություններից հետո, մեր նորակոչիկ երեխաների խոշտանգումներից եւ խաղաղ ժամանակ գնդակահարություններից հետո ինչպիսի անխոցելի լկտիություն պետք է ունենալ Հայաստանում դատավորի դեր ստանձնելու, օրենքի անունից խոսելու համար։ Այսպես գործելով, այսպես պառակտելով Հայաստանը քաղաքականապես, տնտեսապես, բարոյապես, ժողովրդին խոշտանգելով սոցիալապես, այսպես սեպ խրելով հայության երկու հատվածների միջեւ, այսպես՝ քաղաքականությունը փոխարինելով տուրիստական ընդունելություններով, իսկ ազգային երկխոսությունը՝ աճյունների վերահուղարկավորումներով, այսպես չեն գնում ոչ դեպի խաղաղություն, ոչ դեպի պատերազմ։ Այդպես գնում են դեպի ոչինչ։

Վանո Սիրադեղյան - «Սա ուրացողի քաղաքականություն է» (կրճատումներով). 25 հունվարի, 1999 թ.

2723