Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունում, մասնավորապես փոխվարչապետների մակարդակով, պաշտոնանկություններ չեն սպասվում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները միշտ խաղաղ են, բայց այդ խաղաղությունը երբեք չի եղել ճահճային: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

«Երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության արտահերթ նիստ: Հրավիրվել են բոլոր գործընկերները: Մանրամասն քննարկում է տեղի ունեցել, և եզրակացությունները մնացել են նույնը:

Ընդհանրապես, ցանկացած փաստի բերումով, եթե նույնիսկ մենք կայացնում ենք որևէ որոշում, բայց ցանկացած դեպքում, եթե ի հայտ կգա նոր հանգամանք, որևէ խոչընդոտ չկա, որ մենք այդ թեմային վերադառնանք:

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արշալույսները խաղաղ են այնքանով, որ կուսակցությունն ապրում է իր բնականոն կյանքով: Բայց էլի եմ ասում՝ այդ խաղաղությունը երբեք ճահճային լռություն չի եղել և չի լինելու: «Քաղաքացիական պայմանագիրը» այն քիչ կուսակցություններից է, որտեղ մշտապես կա բանավեճ, մրցակցային մթնոլորտ, և մեր խնդիրն է՝ այդ մրցակցային մթնոլորտը պահել առողջ և քաղաքական տրամաբանության շրջանակում, ինչը և անում ենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, ինչի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։

140