«Երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությամբ ընդունելության քննությունների լարվածությունը դիմորդների համար որոշակիորեն կմեղմվի, որովհետեւ տարիներ շարունակ վերջիններիս համար ընդունելության քննությունը դիտարկվել է որպես կյանքի համար բախտորոշ, մի եզակի ճակատագրական հնարավորություն, ըստ որի` եթե լավ հանձնես, քեզ համար կբացվեն համալսարանի դռները, եթե վատ` դա կլինի քո կյանքի ճակատագրական ձախողումը»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի վերապատրաստող մասնագետ Գոռ Մսրիկյանը` խոսելով ապրիլի 7-ին Կառավարության ընդունած որոշման մասին, ըստ որի` դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին:
Ըստ օրենքի` միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է քննությունից ստացած առավել բարձր միավորով։ Երկու անգամ միասնական քննություն հանձնելու իրավունքի տրամադրման նպատակն է՝ դիմորդին կրկին փորձելու հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով քննություն հանձնող դիմորդի հուզմունքն ու բարձր լարվածության գործոնը:
«Հիշում եմ 2010 թվի ուսումնական տարում ինքնասպանության դեպք գրանցվեց: Դիմորդը կտրվել էր, չէր հաղթահարել անցողիկ շեմը, եւ ինքնասպան էր եղել: Եթե չեմ սխալվում՝ դա Հայոց լեզու եւ գրականություն առարկայի միասնական քննություններն էին»,- ցավով հիշեց կրթության մասնագետ Մսրիկյանը, հավելելով, որ նման հոգեվիճակների հետ կապված՝ օրենքի անհրաժեշտության մասին բազմիցս է խոսվել։
Մսրիկյանի խոսքով, այս օրենքը կօգնի նաեւ փոխել ծնողների մենթալիտետը, քանի որ վերջիններս եւս անվերջ մեղադրում ու հոգեբանորեն ճնշում են իրենց երեխաներին քննությունները ձախողելու համար.
«Մենք ցանկանում ենք այսկերպ ընդգծել, որ սա այնքան էլ ճակատագրական եւ կյանքի համար վճռորոշ պահ չէ, որքան որ պատկերացնում է 17-18 տարեկան դիմորդը, որովհետեւ ձախողվելուց հետո 2-րդ եւ 3-րդ տարին էլ կարող է ընդունվել: Ի վերջո, շատ հայտնիներ կան, որոնք մի քանի անգամ դիմել են համալսարան եւ չեն ընդունվել, ուստի դա չի խանգարել նրանց փորձել կերտել կյանքի ուղին այլ շրջանում»:
Կրկնուսույց Էմմա Գրիգորյանի կարծիքով՝ այս որոշումից հետո դիմորդները միասնական քննության կգնան առավել ինքնավստահ.
«Շատ դիմորդներ եմ ունեցել պարապող, որոնք բավականին լավ արդյունք են ինձ մոտ գրանցել փորձնական թեստեր գրելիս, բայց, երբ գնացել են միասնական քննության` արել են անուշադրության բազմաթիվ սխալներ, որը նույն այդ լարվածության հետեւանքն է: Այս ամենի պատճառն այն է, որ դիմորդները տարվա մեջ ունեն ընդամենը մեկ եւ բավականին վճռորոշ հնարավորություն»,- ասաց կրկնուսույցը:
Գրիգորյանը համաձայն չէ շրջանառվող կարծիքներին, թե որոշման ընդունմամբ բուհերում թույլ առաջադիմություն ունեցող ուսանողների թիվը կավելանա.
«Միեւնույն է, բոլոր դիմորդները մինչեւ համալսարան ընդունվելը երկու կամ շատ դեպքերում` երեք տարի պարապում են, եւ շատ քչերը կլինեն, որոնք ընդամենը այդ վեց ամիսը կդիտարկեն այս կամ այն առարկան խոր ուսումնասիրելու շրջան, ուստի այս մասով, կարծում եմ, կարող ենք մտավախություն չունենալ»,- եզրափակեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության ապրիլի 7-ի նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում:
Աննա Չիբուխչյան