
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այս օրերին տեսել եմ մի քանի հրապարակում, որոնք վերաբերում են ներառական կրթության խնդիրներին և ձեռքբերումներին։ Դրանց առանձին-առանձին չեմ անդրադառնա. թե՛ խնդիրները, թե՛ ձեռքբերումներն ինձ լավ ծանոթ են։
Ուզում եմ պարզապես արձանագրել, որ բոլոր այդ դեպքերում մարդիկ մերժում և դատապարտում են խտրականությունը, անընդունելի են համարում դպրոցական կյանքի որևէ դրվագ, այդ թվում՝ Վերջին զանգի միջոցառումներից սովորողի բացառումը՝ պայմանավորված նրա հաշմանդամությամբ։
Սա ինձ համար ամենակարևորն է։
Այն, որ ներառումը շարունակական և չավարտվող գործընթաց է, և որ դրա առաջին պատասխանատուն քաղաքականություն մշակողներն ու իրականացնողներն են, քննարկման ենթակա չէ։ Բայց հանրային համերաշխությունը և վերահսկողությունը ամենամեծ աջակցությունն է այդ քաղաքականությանը, ինչը միշտ գնահատել և կարևորել եմ։
Վերջին զանգի առիթով շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին և նրանց ծնողներին, և շնորհակալ եմ ներառական կրթությունն ամեն օր Հայաստանում իրականություն դարձնող անձանց։
Ակնկալում եմ, որ խտրականության դեմ և հանուն ներառման ջանքերը նույն արտացոլումը կգտնեն նաև կյանքի այն ոլորտներում, ուր այդ երեխաները կգնան դպրոցից հետո»։