Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքը շուրջ երկու տարի կիրառության մեջ է եւ այդ ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն են առաջացրել: Դրանով պայմանավորված՝ ներկայացվել է օրենսդրական նախաձեռնություն, որով փոփոխություններ են նախատեսվում նաեւ հարակից 5 օրենքներում: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 22-ի նիստում քննարկվել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Զեկուցողը նշել է, որ կարգավորումների մի կարեւոր խումբ վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատությունների լիցենզավորմանը, իսկ երկրորդ խումբը՝ ՄԿՈՒ ոլորտում ֆինանսավորման քաղաքականությանը: Մասնավորապես, առաջարկվում է լիազորող նորմ սահմանել, որով կամրագրվեն գերակա մասնագիտությունները եւ դրանց ֆինանսավորման կարգը:
«Հաշվի առնելով, որ մեզ համար շատ կարեւոր է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության եւ հասանելիության ապահովումն ու նախադպրոցական ու հանրակրթական համակարգում արդեն ներդրված է ներառական կրթությունը՝ վերջին տարիներին ներառական կրթության զարգացման ուղղությամբ աշխատանքներ են տարվել, ուստի անհրաժշտություն է առաջացել սահմանել լիազորող նորմ կրթության առանձնահատկուկ պայմանների կարիք ունեցող ուսանողներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրելու վերաբերյալ»,- ասել է Արաքսյա Սվաջյանը:
Հաջորդ կարգավորումը վերաբերում է մասնագիտական ուսումնական հաստատությունների գործունեությանը. ԲՈՒՀ-երում աշխատող բոլոր աշխատակիցներին պաշտոնի անձնագրեր ունենալու հնարավորություն կտրվի:
Կարգավորումներ են առաջարկվում նաեւ ՄԿՈՒ մանկավարժական աշխատողների ատեստավորման եւ տարակարգի շնորհման, ինչպես նաեւ աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձեւերի զարգացման գործընթացներում:
Առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Առաջարկվել է հարցը ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում եւ քննարկել հատուկ ընթացակարգով: