Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խորհրդարանն ընդունեց «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը՝ 63 կողմ և 7 դեմ ձայնով:
Այն ԱԺ-ում ներկայացրել է նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, ըստ այդմ՝ Կառավարությունը հաստատել էր համապատասխան որոշման նախագիծը, որը քննարկման էր ներկայացվել ԱԺ-ում:
Օրենքի նախագծում նշվում է` Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը:
Շարունակելով ներկայացնել նախագծի հիմնավորումները` Արտակ Զեյնալյանը նշել է` օրենքի նախագծի ընդունման նպատակն առաջադեմ, քաղաքակիրթ, զարգացած մարդկության ընտանիքին անդամակցելու` Հայաստանի ժողովրդի, նրա ներկա իշխանության կամքի, վճռականության ամրագրումն է:
Ըստ նախաձեռնողների` օրենքի նախագծի ընդունումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը` ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հնարավորությունների մեծացմանը, ազգային բանակի համապատասխանեցմանը Եվրամիության անդամ երկրների բանակների արդիական չափանիշներին:
«Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու նախագծին: