Վաղը՝ հունիսի 27-ին, կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի երկրորդ՝ հիմնական փուլը: Այս տարի ևս հայտագրման գործընթացն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Երկրորդ փուլով առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատություններ հաճախող բոլոր առաջին դասարանցիների համար։

Երրորդ փուլով՝ հուլիսի 4-ից, հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (նրանց օրինական ներկայացուցչի) համար: Այն դեպքում, երբ ծնողներից մեկը թվարկված որևէ խմբի ներկայացուցիչ է, իսկ մյուսը՝ ՀՀ քաղաքացի, հայտագրումը կարող է կատարվել ծնողի ընտրությամբ՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում:

Ազգային փոքրամասնությանը պատկանող սովորողի ընդգրկումը դպրոց կատարվում է սովորողի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող դպրոցում (դասարանում), իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է սովորողի ծնողը:

Հայտագրումը կշարունակվի ողջ ուսումնական տարվա ընթացքում։

Երկյակ, եռյակ, քառյակ և ավելի երեխաներից առնվազն մեկի հայտագրումը որևէ հանրակրթական ուսումնական հաստատությունում ապահովում է մյուս երեխաների ընդունելությունը նույն հաստատություն՝ անկախ լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումից։

Որպես հայտագրման առաջին քայլ՝ նախ պետք է ստուգել երեխայի տվյալների ամբողջականությունը։ Այս նպատակով ԿՏԱԿ–ը գործարկել է https://stugum.emis.am/ կայքը, որտեղ դպրոց ընդունվող երեխայի ծնողները կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլն անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ից մեկնարկել էր առաջին դասարանցիների հայտագրման գործընթացի առաջին փուլը, որը նախատեսված էր տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող, ինչպես նաև տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաների համար:

Նշված արտոնյալ կետի շրջանակում հայտագրումն իրականացվել է մինչև հունիսի 25-ը ներառյալ:

Հունիսի 27-ից ընդհանուր հիմունքներով պետք է հայտագրվեն արտոնություն ունեցող մյուս խմբերի ներկայացուցիչները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները,
տվյալ ոլորտային օրենսդրությանը համապատասխան` ՀՀ տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաները:

Վերջին երկու կետերի դեպքում ժամկետային սահմանափակում չի գործում. համապատասխան հիմքերի առկայության դեպքում, եթե հայտագրման ժամանակ ծնողի նախընտրելի դպրոցում ազատ տեղեր առկա չեն, ապա ծնողը դիմում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ երեխային հաստատություն ընդունելու համար։

Վերը նշված արտոնություններից կարող էին օգտվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում հայտագրվողները։

Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստել է իրազեկող հոլովակ՝ հայտագրման գործընթացի և հաջորդական քայլերի վերաբերյալ:

706