Օրեր անց կմեկնարկի Մարց-Աթան 27.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան բնակավայրերի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, օրեր անց կմեկնարկի Մարց-Աթան 27.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը, շինտեխնիկան շուտով տեղում կլինի։ Կառավարությունն այս կարևոր խնդրի լուծման համար հատկացրել է 2.72 մլրդ դրամ (5.6 մլն դոլար)։

Այսօր ճանապարհի միջնամասում հանդիպել ու աշխատանքային քննարկում ենք ունեցել Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանի, կապալառու ընկերության փոխտնօրեն Բաբկեն Ավետիսյանի, Թումանյանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանի մասնակցությամբ։

Ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի 2022 թվականին: Սա վերոգրյալ բնակավայրերի համար նշանակալի իրադարձության մեկնարկ է, նոր հնարավորություն՝ բնականոն զարգացման համար։ Ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է 36-37 տարի առաջ, մյուս հատվածը երբեք ասֆալտապատ չի եղել»,- գրել է Արեն Մկրտչյանը։

299