ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայ-ամերիկյան առևտրի պալատի (ՀԱԱՊ) նիստում ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում պետության առաջնահերթությունները: Փոխնախարարը ողջունել է պալատի անդամ մասնավոր ընկերությունների՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացրած նախընթաց ծրագրերը, ինչպես նաև փոխշահավետ նախագծերի իրականացման համար մասնավոր հատվածի ընկերությունների և քաղաքացիական հասարակության հանդիպման նախաձեռնությունը:

Արթուր Մարտիրոսյանը միաժամանակ կարևորել է վերոնշյալ հանդիպմանն ընդառաջ հրավիրված այս նիստը, քանի որ այն, ըստ փոխնախարարի, մասնավոր ոլորտին հնարավորություն կտա նախ ծանոթանալու պետության առաջնահերթություններին:

«Ճիշտ կլինի, որ մասնավոր ոլորտի կառույցները նախևառաջ պետությունից ճշգրտեն, թե որոնք են Կառավարության առաջնահերթություններն ու կարիքները, և իրենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ձևավորելիս իմանան, թե համապատասխան ոլորտներում ինչ ուղղությամբ է երկիրը գնում»,- նշել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ դա պետություն-մասնավոր ոլորտ երկխոսության նոր ձևաչափ և մոտեցում է:

Այնուհետև Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում պետության ռազմավարական նպատակադրումները, ընթացիկ առաջնահերթությունները և կարիքները, որոնք կարող են հանրային-մասնավոր համագործակցության առանցքը հանդիսանալ:

Հանդիպման ընթացքում մասնավոր հատվածի և ՀԿ-ների ներկայացուցիչները կիսվել են իրենց համագործակցության լավագույն փորձով և ներկայացրել սոցիալական պատասխանատվության ծրագրեր ու հաջողված պատմություններ:

Նշենք, որ Հայ-ամերիկյան առևտրի պալատը ներկայացնում և աջակցում է իր ավելի քան 130 անդամ-ընկերություններին, որոնց թվում են Հայաստանի խոշորագույն ներդրողներ, հարկատուներ և գործատուներ: ՀԱԱՊ-ը 2000 թվականից ի վեր լսելի է դարձնում գործարար համայնքի ձայնը և նրանց լավագույն կիրառելի փորձը, հետևաբար պալատը հայաստանյան գործարար կյանքի մասին տեղեկատվության եզակի աղբյուր է:

05 Ապրիլ, 2021 12:36
73
; ;