Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի գերեզմանոցում հանդիսավոր պայմաններում ԱՀ ՊԲ զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ, փոխգնդապետ Արման Հակոբյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի անունից  հետմահու  «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանով պարգեւատրեց Նորատուս համայնքի բնակիչ, ՊԲ ժամկետային զինծառայող, Արցախյան վերջին պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված Կարեն Սասունի Բադոյանին։  «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ պարգեւատրման արարողությունը համատեղվեց Սուրբ Հարության տոնի մեռելոցի առիթով հերոսի շիրիմին կատարված այցելության հետ։

Միջոցառմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը, հերոսի ծնողներն ու հարազատները, պաշտոնատար այլ անձինք։ Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գեւորգ քահանա Տեր Բարսեղյանը։ Այնուհետ Կարեն Բադոյանի անցած զինվորական ծառայությունն ու մարտական հերոսական ուղին ներկայացրեց Արցախի Հանրապետության ՊԲ    զորամասի հրամանատարի հրետանու գծով տեղակալ, փոխգնդապետ Արման Հակոբյանը։   «Կարեն Բադոյանը ժամկետային զինվորական ծառայության է անցել 2019 թվականի հունվարից, ծառայել է Պաշտպանության բանակում։ Ծառայության ընթացքում, մինչեւ 2020 թվականի  սեպտեմբերի 27-ին Արցախում բռնկված պատերազմը, Կարենն աչքի էր ընկնում պարտաճանաչությամբ, կարգապահությամբ ու քաջությամբ՝ քանիցս արժանանալով զորամասի հրամանատարության խրախուսանքներին։ Մարտական գործողությունների ծավալման առաջին իսկ օրվանից Կարեն Բադոյանն ու իր մարտական ընկերները դիմագրավել են թշնամուն՝ նրան պատճառելով կենդանի ուժի եւ մարտական տեխնիկայի մեծ կորուստներ։ Կարենը մարտական գործողություններին մասնակցել է նախ Կարախանբեյլի, ապա՝Մարտունու շրջանի Ալիբալի հատվածում։ Դասակի հրամանատարի բացակայության պայմաններում նա ընդունել է դասակի հրամանատարությունը եւ ցուցաբերել անօրինակ խիզախություն, սառնասրտություն ու մասնագիտական հմտություն՝ քանիցս կասեցնելով թշնամու առաջխաղացումը։ Ընդհանուր առմամբ նա խոցել է թշնամու 6 տանկ եւ 1 բեռնատար ավտոմեքենա։ Կարենի եւ իր դասակի զինվորների համար ճակատագրական է եղել 2020 թվականի նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ թշնամին կրկին գրոհի է անցել մեծ ուժերով։ Կարենն ու իր մարտական ընկերները զոհվել են անօդաչու սարքի հարվածից։ Ցուցաբերած քաջության եւ արիության համար նա ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել է պետական բարձր պարգեւի։ Նրա սխրանքը երբեք չի մոռացվի։ Խոնարհվում ենք նրա սուրբ շիրիմի եւ պայծառ հիշատակի առջեւ»,-ներկայացրեց զորամասի հրամանատարի տեղակալը՝ շքանշանը հանձնելով հերոսի հայր Սասուն Բադոյանին։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1045