«Եթե մեկ ամիս առաջ ինձ հարցնեին, թե ինչպես կվերջանա Հայաստան-Ռումինիա հանդիպումը, կասեի` գոնե թող ոչ-ոքի ավարտվի խաղը։ Սակայն, երբ Իսլանդիային ու Լիխտեյնշտեյնին հաղթեցինք, Ռումինիայի հետ խաղում արդեն դատապարտված էինք հաղթանակի ու պարտավոր էինք հաղթել»,- Araratnews.am-ի հետ զրույցում ռումինացիների նկատմամբ 3։2 հաշվով տարած հաղթանակի իր տպավորություններով կիսվեց ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան Գևորգ Սահակյանը, նշելով որ այս կարգի թիմ, այսպիսի գրագետ խաղ երբևէ չի տեսել Հայաստանի ազգային հավաքականի կողմից։

Ինչպես նկատեց Գևորգը, Ռումինիայի հետ խաղը նման էր Իսլանդիայի հետ հանդիպմանը։ «Գոլ բաց չթողեցինք առաջին խաղակեսում, ինչպես նաև հակառակորդ թիմին հնարավորություն չտվեցինք նույնիսկ հարվածներ իրականացնելու։ Մի քանի գոլային հարված Յուրչենկոն հիանալի պահեց։ Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսը կարողացանք հաղթահարել հակագրոհներով»։

Գևորգը համոզված է, որ մեր հավաքականը կհաղթի նաև Գերմանիային. «Մրցակից թիմին ձեռնտու կլիներ, որ խաղն ավարտվեր ոչ-ոքի, բայց մեր բոլորիս միակ նպատակը հաղթանակ տանելն էր ու նույնիսկ Գերմանիայի հետ խաղում մենք միայն հաղթանակ ենք տեսնում»։

ՖԱՀ ֆանի խոսքով` տղաները բոլորն էլ լավն էին, խաղը թիմային էր, թեպետ, եթե կարմիր քարտ չլիներ, հնարավոր է՝ խաղն ավարտվեր 2։2 հաշվով։

«Շնորհակալություն մեր տղաներին, որ կարողացան երկրի այս ներքին քաղաքական լարվածության պայմաններում պարգևել ուրախություն ու փոխել մթնոլորտը։ Հատուկ շնորհակալություն Խոակին Կապառոսին, որ մեր թիմը դարձրեց տեխնիկապես ուժեղ հավաքական։ Մենք չպետք է մտածենք, թե Մակեդոնիան ոնց կխաղա, Ռումինիան ոնց կխաղա։ Տարիների փորձով համոզվել ենք, որ մեր գլխի ճարը մենք պետք է տեսնենք։ Մաղթենք մեր հավաքականին հաղթանակներ, որպեսզի մտնենք ԱԱ 2022 եզրափակիչ փուլ»,- եզրափակեց Գևորգ Սահակյանը։

 

Հեղինակ՝ Թագուհի Մանուկյան

571