ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխությունների նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցումը կկազմակերպվի 24-ժամյա ռեժիմով: Նախագիծն արդեն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ Դիլիջանի միջազգային դպրոցի ղեկավարությունը նամակով դիմել է Ազգային ժողովին և Կառավարությանը: Մտահոգություն կա, որ մինչև ապրիլի 20-ը օրենքը չընդունելու պարագայում խնդիրները կրկնվելու են: «Մենք եկանք այն եզրակացության, որ մտահոգություններն արդարացված են»,- նշեց Թունյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հիշեցրեց, որ նախագծով Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրն իրականացնող կազմակերպությունները շահութահարկից ազատման արտոնություններից օգտվելու համար մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը զուտ շահույթը պետք է ներդնեն ծրագրի շրջանակում որպես վերաներդրում: Շահութահարկով հարկումից ազատված կլինի այդ ներդրված մասը: 

Նախագծով ծրագրի հետ կապված եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու: Ծախսերն էլ շահութահարկով հարկման նպատակով ծախս չեն համարվելու:

09 Ապրիլ, 2021 14:16
167
; ;