ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 10-ին այցելել է Դիջիթեյնի գրասենյակ, մասնակցել Դիջիքաղաքի առաջին «ՄԻՏՔ» ինկուբացիոն ծրագրի մրցութային փուլի միջոցառմանը:


Մինչ միջոցառման մեկնարկը Հայկ Չոբանյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության նորաբաց գրասենյակում, որտեղ ներկայացրել են ընկերության կառուցվածքը, աշխատանքային գործընթացն ու պայմանները, նաև իրենց առջև դրված նպատակներն ու մարտահրավերները:

 

Այնուհետև ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը «ՄԻՏՔ» ինկուբացիոն ծրագրի մրցութային փուլի միջոցառմանը հանդես է եկել բացման խոսքով: Նախարարը, մասնավորապես, նշել է, որ կարևորը միտքն է, գաղափարը և այն իրագործելու անսասան հավատն ու աներկբա ցանկությունը. 

 

«Այսօր Ձեզ տրված է բացառիկ հնարավորություն Ձեր գաղափարներն ու մտքերը ներկայացնելու, համոզելու դրանց հեռանկարի մեջ և կարողանալու ներդրումներ բերել այդ գաղափարի իրագործման համար: Ամեն ինչի կենտրոնում, իհարկե, կանգնած է միտքը, որը նաև Ձեր այսօրվա միջոցառման կենտրոնական բառն է: Ցանկացած փոփոխություն, առաջընթաց, երազանք, հաղթանակ նախևառաջ սկսում է մտքից»:

Նախարարն ընդգծել է նաև, որ մենք պետք է փոխենք աշխարհը, մեր երկիրը մտածող, ստեղծարար, կամքով, հաստատակամությամբ մարդկանց օգնությամբ, որպեսզի ապրենք այնպիսի երկրում և միջավայրում, որում երազում ենք ապրել:

 

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիական հիմնադրամի (FAST) տնօրեն Արմեն Օրուջյանը, որն ուրախությամբ ընդգծել է, որ այսօր շատ քիչ ընկերություններ կան, որ կարող են նմանատիպ կարևոր ուղղություններն առաջ տանել. «Կցանկանայի, որ շատ կազմակերպություններ այսպես խորը մտածեն, թե ինչպես կարող են գիտությունը և տեխնոլոգիան իրար հետ մեկ տեղ բերել և ստեղծել միջազգային ինկուբատոր»:

 

«ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագիրը նախատեսում է 12-շաբաթյա ինտենսիվ դասընթացներ՝ գաղափարի փուլում գտնվող ստարտափ թիմերի համար: Այն իրականացնում է Դիջիթեյնը՝ Դիջիքաղաք նախագծի շրջանակներում, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համատեղ: 

 

Դիմորդ ստարտափ թիմերի գործունեության ոլորտները բազմաթիվ էին. ֆինանսական տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, առողջապահություն, տուրիզմ, գյուղատնտեսություն, AR/VR, ռազմարդյունաբերություն և այլն: Ժյուրիի քվեարկության արդյունքում ինկուբացիոն ծրագիր անցան 8 ստարտափ թիմեր: Ինկուբացիայի ընթացքը կսկսվի ապրիլի 20-ից:

 

Ծրագիրը միտված է ապահովել ռեսուրսներ նորարարական տեխնոլոգիական գաղափար ունեցող թիմերի համար, որոնք կզարգացնեն և կխթանեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը: Ինկուբացիոն ծրագիրը կիրականացվի Դիջիթեյնի գրասենյակում, որտեղ ստարտափ թիմերի համար կտրամադրվի աշխատասեղան և բարենպաստ աշխատանքային պայմաններ: 

 

Մրցույթի ժամանակ ելույթ են ունեցել 35 դիմորդ ստարտափ թիմերից հարցազրույցի փուլը անցած 13 թիմեր:

10 Ապրիլ, 2021 23:49
279
; ;