ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպեցի ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Տիկին Մատվիենկոն կարեւորեց երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: Դաշնության խորհրդի խոսնակը գոհունակություն հայտնեց երկու խորհրդարանների միջեւ առկա երկխոսության վերաբերյալ: Նա վստահություն հայտնեց, որ տարբեր ձեւաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ ավելի կակտիվանա:

Վալենտինա Մատվիենկոն կարեւորեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումը եւ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը կրակի դադարեցման ռեժիմի ապահովման կարեւորագույն գրավական է: Նա վերահաստատեց ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց:

Անդրադարձ կատարելով ԱՊՀ ՄԽՎ գործունեությանը՝ Մատվիենկոն բարձր գնահատեց կազմակերպությունում հայ պատգամավորների աշխատանքի արդյունավետությունը:

Ես նշեցի, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական բնույթ կրող հարաբերությունները շարունակում են կայուն զարգացում ապրել տարբեր ոլորտներում: Ներկայացրի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո արցախյան հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ բարձրացնելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցի կարեւորությունը: Հավելեցի՝ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Համաձայնություն ձեռք բերեցինք Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության իրականացման շուրջ:

Վալենտինա Մատվիենկոյին շնորհեցի Ազգային ժողովի ոսկե մեդալ՝ երկու երկրների միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ Մարալ Նաջարյանին ադրբեջանական գերությունից ազատման գործում ունեցած կարեւորագույն ներդրման համար:

15 Ապրիլ, 2021 16:09
105
; ;