Ապրիլի 19-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին օրը մրցագորգ դուրս եկան Հայաստանի 3 ներկայացուցիչ՝ Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ): 

Գևորգ Թադևոսյանը պայքարի մեջ մտավ 1/8 եզրափակիչից և 2։1 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին: 

Արման Անդրեասյանը 1/8 փուլում 10։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ լիտվացի ըմբիշ Արտեմ Աուգայի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա մրցել էր լեհ Կշիշտոֆ Օլենցինի հետ և հաղթել 10:5 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում Արմանը 3։5 հաշվով եզրափակիչի ուղեգիրը զիջեց ռուս ըմբիշ Իսրայիլ Կասումովին։ Այսպիսով Արմանը բրոնզե մեդալի համար կպայքարի Միխայիլ Սավայի հետ։ 

Արման Ավագյանը նույնպես առաջին գոտեմարտը սկսել էր 1/8 եզրափակիչում և ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթանակ տոնեց Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա 1:11 հաշվով պարտություն էր կրել Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևից։ Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը մրցագորգ դուրս եկավ մակեդոնացի Դեյան Միտրովի հետ և հաղթեց ժամանակից շուտ՝ 12:1 հաշվով և կպայքարի բրոնզե մեդալի համար վրացի Նիկա Կենտչաձեի հետ:

 

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ներկայացնող  92 կգ քաշային կարգի Մարզպետ Գալստյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը:

20 Ապրիլ, 2021 14:42
185
; ;