Պատերազմից ավելի քան 5 ամիս անց հայտնաբերվել է զոհված փոխգնդապետ Արթուր Հակոբյանի աճյունը։ Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՊՆ «Զինուժ» հաղորդման լրագրող Դավիթ Դավթյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Գտանք: Անդարձ կորցրինք: Հերոսին:

Զոհվեց առանց նահանջի: Անմահացավ առաջնորդելով զորքին:

Պահն է վերջին հրաժեշտի: Մեր ավագ ընկերոջը, մեր լավագույն սպային:

Արթուր Հակոբյանի հոգեհանգիստը` հինգշաբթի է: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Փառք եւ պատիվ քեզ, Հակոբյան ջան»։

Ավելի վաղ՝ մարտի 20–ին, Դավթյանն իր էջում գրել էր, որ փոխգնդապետ Հակոբյանը, որը Արցախի հարավային զորամասի շտաբի պետն էր, անհետ կորել է։ Լրագրողն իր ու փոխգնդապետի հանդիպումից մի դրվագ էր պատմել։

«Հակոբյանն էր համակարգում մարտը` հարձակումը, պաշտպանությունը, հակագրոհը: Մի քանի րոպե կողքին նստել հետեւել եմ մարտական գործողությունները վարելուն: Շատ զիլ տղա էր: Առանց վախի, առանց խուճապի, իր անձը մոռացած, կռվողների հետ կրակ արձակելով:

Արթուրին խանգարել (հարց ուղղել) չէի ցանկանում: Մի պահ, երբ դադար եղավ, մի քանի րոպե, հարցրի ինչ է կատարվում, առանց նեղացնելու կարճ պատասխանեց, էկրանին նայեք կտեսնեք, պատմելու չէ:

Այս հենակետում էլ ընկանք սմերչի կրակի տակ: Պետքը չէր, շարունակում էր ուղիղ ճակատում կռվող տղաների հետ խոսել, վիրավորներից հարցնել: Հետո չդիմացավ, ռացիան փոխանցեց զինակիցներին, հանդերձավորվեց ու մեկնեց: Չիմացանք թե որ ուղղությամբ»,– գրել էր նա։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին «Զինուժի» պատրաստած ռեպորտաժներից մեկում, Արթուր Հակոբյանն ասում էր.

«Խփեք դրանց, խփեք»։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արցախում հերոսաբար զոհվել է հայտնի տեսանյութի հրամանատարը՝ Արթուր Հակոբյանը: 

 

21 Ապրիլ, 2021 17:21
1119
; ;