ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհուրդը գումարել է այս տարվա իր անդրանիկ նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Խորհրդում ներգրավված են ՀՀ մարզերի և Երևանի հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցների բարձր դասարանների 43 աշակերտներ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախարարությունը մեծ ակնկալիք ունի աշակերտական խորհրդի գործունեությունից․ «Խորհուրդը պետք է մեզ օգնի և ուղղորդի, որպեսզի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները լինեն ավելի արդյունավետ: Բոլորիս նպատակն է՝ լինել առավել կրթված, զարգացած, ինչպես նաև պիտանի ինքներս մեզ, մեր երկրին և առաջադեմ մարդկությանը: Եվ այս գործընթացում մենք կարևորում ենք աշակերտական խորհրդի կարծիքը և ակնկալում, որ դուք ամենայն պատասխանատվությամբ և սրտացավորեն կբարձրացնեք օբյեկտիվ հարցեր ու կառաջարկեք դրանց լուծումները: Բնականաբար, նախարարությունը կանի իր առաջարկները, այդ ամենը միասին կքննարկենք և արդյունքում կունենանք մեկ ընդհանուր մոտեցում»:

Նախարարն աշակերտներին տեղեկացրել է բուհերի ընդունելության այս տարվա նոր սկզբունքի մասին, այն է՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Ըստ Վահրամ Դումանյանի՝ այս ձևաչափը նպաստում է դիմորդների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը, և կարևոր է, որ մրցույթն անցկացվում է հստակ կողմնորոշում ունեցող դիմորդների միջև: Նա տեղեկացրել է, որ եթե մրցույթից հետո տվյալ մասնագիտությամբ մնան թափուր տեղեր, ապա երկրորդ փուլում դիմորդը հնարավորություն կունենա հայտագրելու արդեն 6 մասնագիտություն: Նախարարի խոսքով՝ եթե դիմորդն ունի մասնագիտական հստակ կողմնորոշում, ապա նա իր նպատակների կառուցման հարցում մեկ քայլ առաջ է՝ այլ դիմորդների համեմատ:

Խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարին՝ ոլորտի բարեփոխումների վերաբերյալ կարևոր հարցեր քննարկելու նպատակով իրենց տեսակետները լսելի դարձնելու համար: Նրանք մի շարք հարցեր են ուղղել Վահրամ Դումանյանին։ Դրանք, մասնավորապես, վերաբերել են բուհական ընդունելության կարգին, մասնագիտությունների՝ դպրոցում առավել խորքային ներկայացմանը, աշխատաշուկայի պահանջներին դրանց համապատասխանեցմանը, դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ նախկինում կատարված աշխատանքներին և այլն: Նախարարն անդրադարձել է բարձրացված բոլոր խնդիրներին և շեշտել, որ դրանց մի մասի պատասխաններն առկա են օրակարգում ներառված հարցում:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրել է, որ նիստի օրակարգում ներառված է մեկ հարց՝ «Աշակերտների մասնագիտական կողմնորոշման բանաձևը»: Փոխնախարարը նշել է, որ վերջերս ընդունվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որի վերջնաարդյունքներում մասնագիտական  կողմնորոշման և մասնագիտության ճանաչման խնդիր է դրվել՝ տարրական դպրոցից սկսած:

«Մենք կարևորում ենք աշակերտական խորհրդի դիտարկումներն այդ վերջնաարդյունքների վերաբերյալ. արդյոք դրանք բավարա՞ր եք համարում, թե՞ լրացուցիչ գործողությունների կարիք կա: Քանի որ չափորոշիչները դեռևս փորձարկվելու են, հետևաբար նախարարությունը կստանա նաև խորհրդի կարծիքը և, ըստ անհրաժեշտության, այն հաշվի կառնի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ ըստ այդմ՝ նախարարությունը դպրոցներում նախատեսում է ներդնել մասնագիտական կողմնորոշման ակումբներ. ներկայում դրանք փորձարկվում են 10 ուսհաստատություններում, և արդյունքների վերաբերյալ առկա է վերլուծություն:

«Մեր նպատակն է, որ այդ ակումբները կոնկրետ տարիքային խմբում պարտադիր լինեն դպրոցներում: Խորհրդի նախնական դիտարկումները ևս վկայում են այն մասին, որ այդ ակումբները նախընտրելի է ներդնել հիմնական դպրոցում` 8-րդ կամ 9-րդ դասարանում, քանի որ հենց այդ փուլի ավարտից հետո է աշակերտը որոշում, թե ինչ ուղղությամբ պետք է ներդնի իր ջանքերը: Հետևաբար, կարևոր է, որ հիմնական դպրոցում աշակերտին ճիշտ պատկերացում տրվի մասնագիտությունների մասին, որպեսզի արդեն ավագ դպրոցում նրա մասնագիտական ընտրությունն առավել նպատակադրված ու արդյունավետ լինի»,- փաստել է փոխնախարարը և շեշտել, որ այս տարվա սեպտեմբերից Տավուշի մարզի դպրոցներում կփորձարկվի չափորոշիչը, և այդ մարզից խորհրդի կազմում ներառված աշակերտները փորձարկումն անցնելու և իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն կունենան: 

Օրակարգի հարցը՝ «Աշակերտների մասնագիտական կողմնորոշման  բանաձևը», ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի   ղեկավար Հայկուհի Գևորգյանը: Նրա խոսքով՝ այս ընթացքում կենտրոնը վերապատրաստել է դպրոցների, ՄԿՈՒ և արտադպրոցական համակարգի ավելի քան 800 մասնագետների: Ըստ Հայկուհի Գևորգյանի՝ մասնագիտական կողմնորոշման հիմնական խնդիրն աշակերտի անձնային որակների բացահայտումն է՝ կարևորելով նրա մասնագիտական նախասիրությունները և կարողությունները: Նա շեշտել է, որ առանձնակի կարևորվում են նաև աշխատաշուկայի կարիքները՝  նկատի ունենալով տվյալ պահի, ինչպես նաև կանխատեսվող պահանջարկը: 

««Մեկ մասնագիտություն ողջ կյանքի համար» սկզբունքն այսօր այլևս արդիական չէ, քանի որ ամբողջ աշխարհում աշխատաշուկան դինամիկ փոփոխությունների է ենթարկվում: Ներկայում մասնագիտության ընտրության հարցում պետք է լինել ավելի ճկուն՝ հաշվի առնելով հետագայում վերաորակավորվելու խնդիրը: Մասնագիտական ճիշտ կողմնորոշումը հստակ ճանապարհ է՝ արդյունավետ ապագա կառուցելու համար, և այս հարցում կարևոր է նաև աշակերտական խորհրդի դերը»,- ասել է հիմնական զեկուցողը:

Զեկույցից հետո ներկայացված թեմայի վերաբերյալ տեղի են ունեցել քննարկում և հարց ու պատասխան: Հայկուհի Գևորգյանը մասնակիցներին առաջարկել է ինտերակտիվ խաղ, որի ընթացքում աշակերտները նշել են իրենց իմացած և նախընտրած մասնագիտությունները, որոնց շուրջ ծավալվել է բուռն քննարկում: Մասնավորապես, խորհրդի անդամներին հետաքրքրել է ռազմական և գյուղատնտեսական մասնագիտությունների գծով աշխատաշուկայի պահանջարկը:

Խորհրդի նիստերն առավել արդյունավետ անցկացնելու նպատակով նախարար Վահրամ Դումանյանն առաջարկել է մինչ նիստն առանձնացնել այն թեմաները, որոնք արդիական են ու կարևոր, ապա հաստատված օրակարգի հարցերը նախօրոք քննարկել, դրանց վերաբերյալ ներկայացնել համապատասխան առաջարկություններ և միայն կոնկրետ դիտարկումները քննարկել նիստի ընթացքում: Այդ ամենից հետո, ըստ նախարարի, կարվեն վերջնական շտկումներ, ու կհամադրվեն նախարարության և աշակերտական խորհրդի տեսակետները: Նախարարի առաջարկն արժանացել է խորհրդի հավանությանը:  Աշակերտներն առաջարկել են նաև խորհրդի նիստերն անցկացնել առավել հաճախակի:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

22 Ապրիլ, 2021 16:50
142
; ;