
Ամեն անգամ, երբ ամուսինը ոգեւորված խոսում էր բանակից եւ ծառայությունից, Նարինեն, անկախ իրենից, տագնապի զգացողություն էր ունենում, գուցե ենթագիտակցաբար հասկանում կամ վախենում էր ամուսնու համար։ Աստված իրենց ընտանիքին այսպիսի ապագա որոշեց։
Հրամանատար, ավագ լեյտենանտ Ռուստամ Աղայանը 2020 թ. արցախյան պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից և եղել է ամենաթեժ կետերում՝ Եղնիկներ, Մարտունի, Մարտակերտ, Հաթերք, ապա Հադրութ, որտեղ էլ հոկտեմբերի 21-ին քաջաբար ընկավ վերջին մարտի ժամանակ:
Ռուստամը միշտ ասում էր, որ բանակը պետության ողնաշարն է, պետության ամենակարեւոր կառույցն է, առանց որի չկա պետություն։ Նա առաջիններից էր, որ մեկնեց առաքելությունների Կոսովո, Իրաք, Գերմանիա, Աֆղանստան: Որակավորման դասընթացներ է անցել Գերմանիայում, Չեխիայում, Լատվիայում, Լեհաստանում: Նա նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից էր։
Ռուստամի կինը՝ Նարինեն, արցունքներն աչքերին հիշում է պատերազմի օրերին ամուսնու հետ հեռախոսային խոսակցությունները․ «Երբ խնդրում էի, որ գոնե 2 օրով գա երեխեքին տեսնի, ախր շատ են կարոտել, ասում էր` չեմ կարող հիմա թողնել տղաներին, դուք ձեզ լավ նայեք՝ կգամ։
Տղայիս համար հայրը միշտ իսկական տղամարդու օրինակ է եղել։ Ասում է` պապան միշտ իր խոստումները կատարում էր, բայց ես չգիտեի, որ այս անգամ իր խոստումը չի կատարի, չի գա»։
Ռուստամի 9-ամյա որդին պատերազմի օրերին նամակ էր գրել հորը, նշելով, որ սիրում է եւ պատրաստ է կյանքը զոհել հանուն նրա։
Ռուստամ Աղայանը հոգատար ու սիրող ամուսին է եղել. «Ընտանիքի լավ, քնքուշ հայր եւ ամուսին Ռուստամը երբեք իր աշխատանքային խնդիրները տուն չի բերել, երբեմն զգացել եմ, որ ինչ-որ բանից նեղված է, հարցնում էի, բայց նա, միեւնույն է, ոչինչ չէր ասում։ Եղել է, որ անգամ նեղացել եմ նրանից, սակայն միշտ ասում էր` եկել եմ տուն, ուզում եմ ամեն ինչից կտրվեմ, հանգստանամ, վայելեմ ընթրիքը իմ կնոջ եւ երեխաների հետ»։
Ռուստամը շատ խիստ, պահանջկոտ հրամանատար էր, բայց միևնույն ժամանակ՝ շատ բարի. ամեն հարցում զիջում էր իր զինվորներին` պատմում է տիկին Նարինեն։
«Երբ տղաներն իրեն զանգում էին, ասում էր. «Պիտի գնա՞ս, գնա ուրեմն, ես ամեն ինչ կկազմակերպեմ, եթե ընտանիքիդ համար պետք է` գնա, բայց այսինչ ժամին պիտի անպայման լինես զորամասում»։
«Բոլոր այն մարդիկ, որոնք ճանաչել են Ռուստամի տեսակը, կարող են իրենց երջանիկ աստղի տակ ծնված համարել։ Ռուստամը յուրահատուկ տեսակ էր, Ռուստամներ ամեն օր չեն ծնվում»,- Ռուստամի մասին ափսոսանքով պատմում է հարևանուհին` տիկին Պայծառը։- «Ռուստամը հիմնել էր հրաշք, սիրով լի համերաշխ ընտանիք։ Մենք այսօր բոլորս ապրում ենք Ռուստամի եւ նրա նման տղաների արյան շնորհիվ եւ պարտավոր ենք ապրել այս կյանքը արժանապատիվ ու ճիշտ։ Ես չեմ պատկերացնում ամռանը ինչպես ենք իջնելու բակ, չեմ պատկերացնում երեկոները դրսում առանց Ռուստամի»։
Ռուստամը շատ նվիրված էր ընտանիքին, ապրում ու շնչում էր իր երեխաներով։ Նարինեի համար մեկ բան գաղտնի մնաց՝ ինչպես էր նրա հոգում այդքան սեր տեղավորվել. այն անհուն սերը, որ նա տածում էր իր ընտանիքի հանդեպ, ինչպես կարող էր դրանից ավելին նվիրել Հայրենիքին։ Նարինեն այդպես էլ չիմացավ, թե ում էր ավելի շատ սիրում Ռուստամը՝ իր ընտանիքը, թե՞ Հայրենիքը։ Դրա պատասխանը Ռուստամը տարավ իր հետ։
«Ցավոք, մենք կորցրեցինք մեր ժպիտը, ուրախությունը, մեր խելահեղ ընտանեկան կյանքը, որը միշտ արկածներով լի էր։ Մենք կարող էինք մեկ վարկյանում, մեկ օրում, մեկ գիշերում որոշել եւ քաղաքից դուրս մեկնել։ Ավաղ, այդ ընտանիքն այլեւս չկա, այլեւս լիարժեք չէ, ամեն ինչ կիսատ է առանց Ռուստամի»,- հուզմուքից խեղդվելով շշնջում է հրամանատարի այրին։
Ասում են` զինվորականի կինը պիտի ուժեղ լինի, Նարինեն չգիտի` արդոք դա ի՞ր մասին է, թե ոչ, սակայն մի բանում է համոզված, որ պիտի ապրի, որ ապրեցնի եւ կարողանա գտնել ելքն այս ծանր վիճակից։
Մարիամ Գեւորգյան