
Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից՝ հրամանատար Մարատ Խաչատրյանի այրին՝ Սուսաննան ատամները սեղմած պատմում է, որ պատերազմի մեկնելուց առաջ խնդրել է իր ամուսնուն` չգնալ։ Մարատը պատասխանել է․ «Տղաներս պետք է հպարտ քայլեն, հպարտանան իրենց ուժեղ հայրիկով․․․ Ես վախկոտ չեմ, թուրքը ո՞վ է, որ գա ու իմ Հարենիքին, իմ ընտանիքին տիրանա» եւ գնացել է իր պարտքը հանձնելու Հայրենիքին։
Մարատը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է, եղել է տանկի գումարտակի դասակի հրամանատար։ Սուսաննան պատմում է, որ պատերազմի ավարտից հետո Մարատը պարգևատրվել է պատվոգրով և ստացել է լեյտենանտի կոչում։ Ծառայել է Կուբաթլուում։
«Մարատը հենց առաջին օրվանից մասնակցել է Արցախյան պատերազմին։ Մեկնել է պատերազմ, որպես պահեստազորային սպա՝ տանկի գումարտակի դասակի հրամանատար։ Ծառայել է Ջրականում (Ջաբրաիլ)։ Հոկտեմբերի 5-ին իրեն վստահված խմբով՝ 25-30 պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորներով նրանք 3 դիրք են գրավել։ Բայց ցավոք, երբ դուրս են եկել տանկերից, որ տեսնեն շրջապատում տիրող իրավիճակը, ռմբակոծվել են անօդաչու թռչող սարքից։
Լեյտենանտ Խաչատրյանը վիրավորում ստանալուց հետո էլ փորձել է պայքարել, բայց չի կարողացել՝ վնասվել էր մայր զարկերակը։ 2-3 ժամ արնաքամ լինելուց հետո իրեն հազիվ են կարողացել դուրս բերել մարտի դաշտից. մարտերը շատ թեժ էին։ Ապա 2 անգամ պայթեցրել են բուժմեքենան։ Մարատին եւ եւս մեկ զինվորի դժվարությամբ կարողացել են հանել, տեղափոխել այլ մեքենա, բայց ցավոք հիվանդանոցի ճանապարհին մահացան թե Մարատը, և թե իր զինվորը»,- արցունքոտ աչքերով, բայց հպարտությամբ պատմում է Սուսաննան։
Մարատն ու Սուսաննան ունեն 2 տղա՝ 9 եւ 6 տարեկան։ Սուսաննան պատմում է, որ Մարատը նվիրված ու անսահման սիրող հայր էր, հոգատար ամուսին, գերուշադիր ու բարի մարդ։ Հարգանք էր վայելում, թե´ մեծերի, թե´ փոքրերի շրջանում, իրեն բոլորը Մարատ քեռի էին ասում։
Հայրենասիրական երգեր լսել շատ էր սիրում։ Ամբողջ ազատ ժամանակը տրամադրում էր Նժդեհի խոսքերն ու ապրած կյանքն ուսումնասիրելուն։ Նա ապրեց այնպես, ինչպես մեր հերոսներն են ապրել՝ Նժդեհը,Մոնթեն,Անդրանիկը,Դրոն։
2020թ․ դեկտեմբերի 9-ին կլրանար Մարատի 41-ամյակը։ Մարատի քեռին՝ Յակով Գալստյանը նույնպես հերոս է։ Նա անմահացել է 1992թ․ Արցախյան պատերազմում։ Սուսաննան պատմում է, որ Մարատը միշտ հպարտանում էր իր քեռիով․ «Ինձ միշտ ասում էր ես իմ քեռին եմ։ Այնքան էր հպարտանում իր քեռիով, որ ինքն էլ նույն ճակատագիրն ունեցավ ու գնաց քեռու հետքերով»։
«Զոհվելու առավոտյան զանգեց ինձ ասաց՝ «Քեզ լավ պահի, երեխեքիս լավ պահի։ Հիշիր,որ քեզ շատ եմ սիրում…»։
Սուսաննան հաճախ էր փորձում ամուսնուն համոզել, որ գնան Հայաստանից, Սակայն Մարատը կտրուկ փակում էր խոսակցությունը. «Սուս, մի բան լավ հիշիր, ես միշտ մնալու եմ իմ հայրենիքում, իմ ծննդավայրում՝ Քաջարանում։ Ինչպես միշտ` մնաց իր խոսքի տերը։ Հավերժ մնաց իր մայր հողում», - արցունքները խեղդելով պատմում էր հերոսի այրին, ապա ։
Սուսաննան համոզված է, որ ամեն մարդ այս կյանքում ունի իր առաքելությունը, երևի նրա առաքելությունն էլ սա էր՝ անմահանալ հանուն հայրենիքի։ Հայրենասիրությունը Մարատի հոգում էր և երակներում։
Մարիամ Գեւորգյան