ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ հանդիպել է իր աջակիցների հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ Քոչարյանը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ որոշեց հետ վերադառնալ։ Այս մասին գրում է civic.am-ը:

«Ինչո՞ւ եմ հետ գալիս։ Ինձ հետ բերեցին։ Եթե երկրի վիճակը լավ լիներ, երբեք մտքովս էլ չէր անցնի հետ գալ, որովհետև ինձ թվում էր, թե ես իմ տեղը գտել եմ․ Բայց անտարբեր մնալ այս վիճակում, մի կողմ քաշվել, ասել՝ դե լավ, ինչ-որ մեկն այս հարցը կլուծի, ես չեմ տեսնում, որ կլուծի», - ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ այս վիճակի համար ամենից հարմար կենսագրություն, փորձ ու գիտելիք ունեցող մարդկանցից է, պետական կառավարման մեծ փորձ ունի Հայաստանում և Արցախում, ինչպես նաև մասնավոր ոլորտում, ներդորումային ընկերություններում։ 

«Քոչարյանը երբեք քաղաքական անձ չի եղել։ Ժողովուրդը շատ լավ հիշում է իր կառավարման տարիները։ Այնպես չէ, որ իր պաշտոնավարման 10 տարին անցյալ դարում է եղել։ Բոլորը շատ լավ հիշում են ու կարտահայտեն իրենց վերաբերմունքը։ Թող փորձի ներկայանալ իր այդ կերպարով և կտեսնի, թե հանրությունը ինչպես է վերաբերում իր հեքիաթասածությանը»,-Civic.am-ի հետ զրույցում Քոչարյանին հակադարձեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Մեր զրուցակցի խոսքով, այո, Քոչարյանի պաշտոնավարման տարիները առանձնանում են մյուսներից, բայց առանձնանում են ոչ դրականով.«Քոչարյանի պաշտոնավարման տարիները ուղղակի լի են դիակներով, չբացահայտված, առեղծվածային սպանություններով, հետապնդումներով, բռնաճնշումներով։ Դրանք եղել են իշխանության տարիներ, երբ տիրել է տոտալ լկտիություն, երբ բարևելու համար մարդ էին սպանում և անունը դնում անզգույշ քաշքշուկ։ Եթե սա Քոչարյանի համար հպարտանալու տարիներ են եղել, ապա դա իր գործն է։ Իսկ ընտրողը, վստահ եմ,  կգնահատի դրանք ըստ արժանվույնս»,-ասաց քաղաքագետը։

ՀԱԿ անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի խոսքով էլ Քոչարյանի հետ վերադառնալու միակ պատճառը, մոտիվացիան անձնական շահն է, ոչինչ ավելին, և դա ապացուցվել է նրա կառավարման տարիներին.«Անձնական շահը պետական շահից գերադասողը, ժողովրդին կողոպտողը, հարստահարողը, հալածողը չի կարող զուգահեռաբար լինել հայերնասեր և հիմա գալ երկիրը փրկելու։ Այսօր Հայաստանում բոլորին է հայտնի, թե ինքը ինչ աղքատ վիճակում է եկել  Հայաստան և ինչպես է 10 տարվա մեջ ֆանտաստիկ հարստություն կուտակել։ Դա հո վրացի ժողովրդից չէր հավաքել։ Ինքը օգտագործելով իր պաշտոնը թալանել է մեր ազգին, դարձել բիզնեսների սեփականատեր, ահռելի  փողեր դիզել՝ այդ ճանապարհին թույլ տալով ծանրագույն հանցագործություններ՝ հոտեմբերի  27-ից մինչև մարտի 1։ Քոչարյանի անցած ամբողջ ճանապարհը հանցանքների ու արյան մեջ է թաթախված։ Դրա համար նա վաստակել է ժողովրդի ծայրահեղ ատելությունը»,-ըդգծեց Մալխասյանը՝ ավելացնելով, որ հիմա Քոչարյանը որքան էլ փորձի ժողվորդին ապացուցել, որ ինքը հմուտ քաղաքական գործիչ է, կառավարման մեծ փորձ ու գիտելիք ունի, մեկ է մարդիկ գիտեն ու հիշում են, որ եթե նա հմուտ է, ապա միայն թալանի, հանցանքների մեջ.«Ժողովուրդը շատ լավ գիտի այդ ամենը ու դրա պատասխանը կտա ընտրությունների ժամանակ»,-ասաց մեր զրուցակիցը։

Բացի անձնական շահը, Մալխասյանի խոսքով, Քոչարյանի գալու մյուս շարժառիթն այն է, որ ինքը զգում է, որ հնարավոր է ընտրություններով իշխանություն փոխվի,  ձևավորվի իրապես կուռ պետական մի համակարգ, որը կկարողանա պատժել բոլոր մեղավորներին,  պետականացնել անհիման հարստացածների ունեցվածքը և  ինքը հնարավոր է հայտնվի այդ ցուցակով.«Քոչարյանը սարսափում է այդ հեռանկարից, դրա համար էլ հիմա նախահարձակ է լինում, խրվում է քաղաքականության մեջ, որ հետագայում, երբ ընտրություններից հետո գան իր ուենցվածքը ձեռքից տանեն, հայտարարի, որ ինքը քաղաքական հալածյալ է։ Այլապես ինքը լավ գիտի, որ ժողովուրդն ատում է իրեն և անհնար է այդ պայմաններում քաղաքականության մեջ լուրջ հաջողություն ակնկալել»,-ասաց Մալխասյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

740