ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Նաիրա Զոհրաբյանին ու Լիլիթ Գալստյանին իրենց ֆեյքերն էլ բավարար չեն, անձամբ են ստեղծում կեղծ լուրեր

Երբ դեղին տաբլոիդները, անանուն տելեգրամ ալիքները կամ ֆեյքերը կեղծ տեղեկություն են տարածում, դա որքան էլ որ անընդունելի է, նույնքան էլ հասկանալի է, քանի որ այդ ֆեյք աղբյուրները ֆեյք լուրեր ստեղծելու համար են: Սակայն երբ իրական մարդիկ, այն էլ՝ նախկինում հարգելի քաղաքական գործիչներն են ձգտում ֆեյքային գրառումներ կատարել, ա՛յ դա արդեն անընդունելի է:

ԲՀԿ-ի շարքերում ամեն կերպ տեղը պահպանել ցանկացող Նաիրա Զոհրաբյանը, ինչը նրան, ամենայն հավանականությամբ, չի հաջողվելու, և դաշնակցական Լիլիթ Գալստյանը, որն ամեն ինչ անում է «Սիմբա» դաշինքում ավելի բարձր տեղ զբաղեցնելու համար, երեք օր առաջ ֆեյսբուքյան իրենց էջերում կեղծ տեղեկություն են տարածել, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներ Ռազմիկ Մկրտչյանը և Դավիթ Կարապետյանը մասնակցել են արյունալի «ռազբոռկայի»: Սակայն այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, թե՛ Մկրտչյանը և թե՛ Կարապետյանը տիկնանց ստահոդ ստատուսներից առաջ հայտարարություններ էին տարածել այդ ֆեյք լուրի մասին: Բայց՝ ո՛չ, տիկնանց արգելակման խողովակները ծակվել են, զսպման «հեղուկը» արտահոսել, և նրանք այլևս ի վիճակի չեն իրավիճակին համապատասխան արձագանք տալ: Ավելին, Զոհրաբյանը, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, կարող էր կապվել ոստիկանապետի հետ և առնվազն իմանար եղելության մասին: Ու այսքանից հետո նրանք պայքարում են «за звание дома высокой культуры и быта»...

Հ.Գ.1. Հակադարձելիս կլինեք ավելի ստեղծարար, խնդրում եմ չօգտագործել և չխոսել Գյուլնազ տատի հին հեքիաթներից՝ կրթությունը «քանդելուց» (սրանից ընդհանրապես մի խոսեք, ձեր խելքի բանը չէ), սորոսականությունից, Թումանյանի քառյակն անգիր չանելուց, Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելուց, հայերենի դասերը կրճատելուց և այլն: Դրանք հնացած երգեր են: 

Հ.Գ.2. Մեկնաբանության տողում կդնեմ նաև տեսանյութ, թե ինչպես են թաղապետերն օգնում ճանապարհին հայտնված վիրավոր տղամարդուն: Հուսով եմ՝ տիկնայք ներողություն կխնդրեն հանրությանը թյուրիմացության մեջ գցելու համար:

04 Մայիս, 2021 15:35
140
; ;