ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը բավարարել է գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Եվ մինչ ջանքեր են գործադրվում սա որպես հերթական «հաղթանակ» ներկայացնելու, անհրաժեշտ է ավելի մանրամասն հասկանալ, թե ինչ է արձանագրել Վերաքննիչ դատարանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 22-ին վարչական դատարանը վերադարձրել էր Օնիկ Գասպարյանի հայցը՝ ասելով, թե գոյություն չունի Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցնող վարչական ակտ։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի այսօր հրապարակված որոշմամբ, արձանագրվում է, որ համապատասխան իրավական ակտն առկա է Սահմանադրության ուժով, ինչի մասին ՀՀ վարչապետի աշխատակազմը նշել էր դեռևս 2021 թվականի մարտի 18-ի իր հայտարարության մեջ։

Ուշագրավ է նաև, որ չնայած կոնկրետ շրջանակների կողմից հնչող գնահատականներին, վերաքննիչ դատարանի որոշմամբ արձանագրվել է նաև, որ Հանրապետության նախագահը Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով ունի գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն։

Նշվածը նաև նշանակում է, որ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի կողմից հայցի ապահովման վերաբերյալ որոշումը, որով ասվում էր, թե Օնիկ Գասպարյանի լիազորությունների դադարման հարաբերությունը բացակայում է, նույնպես առարկայազուրկ է, քանի որ ինչպես նշվեց Սահմանդրության ուժով առկա է ազատման ակտ։

Ըստ էության Վերաքննիչ դատարանը հաստատեց Կառավարության այս առնչությամբ հայտնած դիրքորոշումը։

2657